Ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ. Մանե Թանդիլյան
Ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանե Թանդիլյանը:
«Սիրելի հայրենակիցներ,
Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։
Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ։
Շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստան»-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել և ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել։
Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել իմ քաղաքական գործունեության ամենադժվարին պահերին, խրախուսել և քաջալերել են իրենց աջակցությամբ և բարի խոսքով։ Առանց ձեզ հնարավոր չէր լինի անել ոչինչ․․․
Շնորհակալությու՛ն և առողջությու՛ն բոլորիդ։
Հարգանքով՝
Մանե Թանդիլյան
Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, սա իմ վերջին հայտարարությունն է այս թեմայով, խնդրում եմ նկատի ունենալ, որ այլ մեկնաբանություններ ԶԼՄ-ների համար չեն լինելու։
Հ․Գ․Գ․ Հարգելի ֆեյսբուքյան ընկերներ, եթե որևէ մեկիդ տվյալները չունեմ, սակայն համարում եք, որ պետք է ունենամ, խնդրում եմ առանձին հաղորդագրություն ուղարկել ինձ տասն օրվա ընթացքում, որից հետո այս հաշիվը կապաակտիվանա»։
Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ…
Gepostet von Mane Tandilyan am Donnerstag, 13. August 2020