«Եթե Փաշինյանն Ամուլսարի հանքը շահագործեց, «Սասնա ծռերը» հերոսի կերպարով ահաբեկչություն կանեն». Արթուր Դանիելյան

Օգոստոս ամսին ամբողջ աշխարհում քաղաքական կյանքը պասիվանում է, դա ունի իր և՛ ավանդական, և՛ ոչ ավանդական պատճառները. մեր երկրում այդ պասիվության ոչ ավանդական պատճառներից մեկն Ամուլսարն է, մյուսը, որը նաև գլխավորն է, այն է, որ փոխվեց ներհայկական քաղաքական խաղատախտակը, դրա պատճառը հուլիսյան դեպքերն էին հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ ի հայտ եկավ մի շատ կարևոր փաստ՝ և ադրբեջանցիների, և եվրաատլանտյան դաշինքի ձեռքից վերցվեց այն խաղաքարտը, թե, եթե հայերը չուզենան հող հանձնել, Ադրբեջանը դա կանի ռազմական ճանապարհով։ Հաջորդ կարևոր փաստը վերաբերում է նրան, որ Փաշինյանը որևէ կերպ չի վերահսկում իրավիճակը Զինված ուժերում, իսկ այս փաստը Փաշինյանին իշխանության բերած ուժերին ստիպեց որոշակի ճշգրտումներ մտցնել իրենց գործողություններում։

Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը։ Ըստ նրա՝ հաստատվեց մեկ կարևոր փաստ ևս.

«Նիկոլ Փաշինյանը երբեք չի ունենալու այն լեգիտիմությունը, որը թույլ տա Արևմուտքին հայերի ձեռքով հանձնել Արցախը»։

Ինչ վերաբերում է երկրի ներքաղաքական կյանքի պասիվությունը որոշակիորեն ցրող Ամուլսարի հանքի շահագործման խնդրին, ապա, ըստ Դանիելյանի, այս հանքի հարցն Արևմուտքի երկրորդ փորձն է՝ Նիկոլ Փաշինյանին մտցնել փակուղի։

«Փաշինյանի համար ստեղծել են պատային իրավիճակ, նա ստիպված կլինի զիջումների գնալ։ Ինձ համար ակնհայտ է, որ իրենից պահանջում են ռեպրեսիաներ կիրառել, որպեսզի վերահսկողության տակ վերցնեն իրավիճակը Զինված ուժերում, որովհետև գեներալիտետը կարողանում է Փաշինյանից անկախ գործունեություն ծավալել, որովհետև նրանց հասարակության մեջ կան աջակցող ուժեր։ Հիմա, եթե նա այդ ուժերին վերացնի, կկարողանան սաստել գեներալներին, որոնք հարկ եղած դեպքում կարող են խաթարել միջազգային հանրության պլանավորած կարգավորման գործընթացը։ Եթե Փաշինյանը դրան չգնա, կստեղծի շատ լուրջ պրոբլեմ Ամուլսարում։ Եթե Փաշինյանը փորձի արտոնել Ամուլսարի հանքի շահագործումը, նա կունենա սեփական ֆիզիկական անվտանգության խնդիր, որովհետև «Սասնա ծռերը», որոնք իրենց մեթոդներում որևէ սահմանափակումներ չունեն, շարունակելու են հերոսի կերպարով ահաբեկչություններ անել, իսկ որևէ արևմտյան երկիր պատժամիջոցներ չի կարողանա կիրառել»,- ասաց Դանիելյանը։

«Այնպես որ, Փաշինյանը հայտնվել է մի իրավիճակում, որ օրերը հաշված են»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ավելի վաղ ինքը խոսել էր այն մասին, որ վարչապետը պատային իրավիճակում է, և նրան հաշված օրեր են մնացել, սակայն այդ օրերն անցան, իսկ իշխանությունը մնում է անսասան, Դանիելյանն ասաց.

«Երբ այդպես ասացի, այդ պահին իրոք կային բոլոր անհրաժեշտ ազդակները, չեմ բացահայտի, թե ով պետք է նրան հեռացներ իշխանությունից, բայց այո՛, այդ իշխանակերտման օպերացիան տապալվեց»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում իրենց միաբանության տեսլականներին, Դանիելյանը, որպես օրինակ, բերեց ապագա Ազգային ժողովի իրենց մոդելը։

«Պետք է ունենալ տեխնոկրատական Ազգային ժողով, այն պետք է ձևավորվի մասնագետներով, որոնք կլինեն վարորդներ, գործարարներ. ես որևէ խնդիր չունեմ Ազգային ժողովում գործարարների կամ նրանց ներկայացուցիչների հայտնվելու հետ կապված, ինչպե՞ս կարող է գործարարը Ազգային ժողովում չլինել։ Կրկնում եմ՝ խոշոր գործարարները պետք է ներկայացված լինեն Ազգային ժողովում, և ցանկացած մասնագիտություն, որը ՀՀ-ի համար կարևոր է, պետք է իր ներկայացվածությունն ունենա խորհրդարանում, իսկ այսօր մենք ունենք իրական և քաղաքական մարմավաճառներից և բառիգներից կազմված Ազգային ժողով, դա պետք է վերացնել։ Մեզ այդ մասնագիտություները պետք չեն. մեզ պետք է բժիշկների, զինվորականների, հոգևորականների և այլ կարևոր մասնագիտությունների ներկայություն խորհրդարանում»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս