«Երբ Սերժ Սարգսյանը խոսի բոլոր հարցերի մասին՝ մեր հանրությանը և քաղաքական դաշտին շատ լուրջ ցնցումներ են սպասվում». Մարգարիտ Եսայան

«Երբ Սերժ Սարգսյանը խոսի բոլոր հարցերի մասին՝ 2018թ. ապրիլ-մայիսին և այս ընթացքում եղած ամեն ինչի մասին, մեր հանրությանը և քաղաքական դաշտին շատ լուրջ ցնցումներ են սպասվում այն իմաստով, որ բազմաթիվ փակագծեր կբացվեն, և բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններն այս իշխանությունների գործունեության արդյունքում ցցուն տեսանելի են, ավելի կոնկրետ, ավելի մանրացած տեսք կունենան, և շատ կոնկրետ հարցերի պատասխաններ հանրությունը կունենա: Դրանով է կարևոր Սերժ Սարգսյանի խոսքն ապագայում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի 5 մասից բաղկացած տեսաուղերձին հաջորդած արձագանքներին, հատկապես՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ծավալուն հարցազրույցին այդ թեմայով, Մարգարիտ Եսայանը նկատեց.

«Ինչո՞ւ են Անդրանիկ Քոչարյանի որոշ տեղերը մրմռում, իր ի՞նչ գործն է, առհասարակ, ինքը ո՞վ է, որ իրեն իրավունք վերապահի՝ ասելու, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց հիմա խոսել և խոսել ապրիլյանից: Ո՞վ ես դու, Անդրանիկ Քոչարյան, նայիր անցած ճանապարհդ, նայիր հետագիծդ: Այս օրերին արդեն սոցիալական ցանցերն ավելի են հեղեղվել, այդ մարդն անընդհատ իր դեմ է աշխատում: Այսօրվա իշխանությունները չեն հասկանում, որ այսօր երբ խոսում են ապրիլյան պատերազմից և իրականությունն աղավաղում են, վաղը դա իրենց դեմ է աշխատելու: Էդ ինչի՞ են ձեր որոշ տեղերը մրմռում, էդ ինչի՞ էդպես իրար խառնվեցիք:

Ես հասկանում եմ՝ ինչու խառնվեցին իրար, որովհետև իրենք հասկանում են, որ իրենց քաղաքական «մահապատիժը» շատ խիստ է լինելու: Որևէ մեկն այդքան չկա, որ հանկարծ վեր կենա և Սերժ Սարգսյանի այս հուզումնառատ, էմոցիոնալ, հայրական, գերագույն գլխավոր հրամանատարին հարիր ջերմությունը, որով ինքը խոսեց ապրիլյան պատերազմի մասին, հանկարծ փորձեն սրա մասին ինչ-որ բաներ ասել․ կստանան իրենք իրենց քթին, որովհետև արդարացի չէ: Այդպես անելով՝ խլել են իշխանությունը, բայց էլ չեն կարող առաջ գնալ: Տղերք ջան, խելոք նստեք և լսեք՝ ինչ է ասում Սերժ Սարգսյանը, և սրտատրոփ ու ահը սրտներումդ սպասեք, թե դեռ ինչ է ասելու ասուլիսի ժամանակ»:

Նա ընդգծեց՝ ովքեր նախկինում հարստություն ու միլիոններ են դիզել, այսօր մուծումներ են կատարում Աննա Հակոբյանի տարբեր հիմնադրամներին.

«Այդ միլիոնների մասին թող խոսեն: Մեր հասարակությունը պետք է վերջապես իր աչքերը բացի, պետք է տեսնի, որ այն, ինչի դեմ Նիկոլը ժամանակին խոսում էր, այսօր այդ ամենից օգտվում է: Նախկինների թալանելու մասին միֆը ստեղծել է Նիկոլ Փաշինյանը, սորոսական այն գրասենյակները, որոնք տարիներ առաջ աշխատել, բարգավաճել, ծաղկել են ՀՀ-ում: Ես չեմ ասում՝ բոլոր նախկիններն ինձ նման մաքուր էին, ո՛չ, բայց իմ նման մաքուրներ էլ կային: Ովքեր ինձ նման մաքուր չէին, այսօր Նիկոլի կողքին են: Էդ որ ասում են՝ նախկիններ-նախկիններ, մի հատ ձեր շուրջը նայեք, ձեր փեսաներին, աներձագներին նայեք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս