«Հըզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրուլլան Լիբանանի գլխավոր խնդիրն է․ Իսրայելի պաշտպանության նախարար
«Հըզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրուլլան Լիբանանի գլխավոր խնդիրն է: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար եւ փոխարինող վարչապետ Բենի Գանցը՝ հանդես գալով արտաքին գործերի եւ պաշտանության կոմիտեի նիստում: «Թեեւ Նասրուլլան մեր մեծ թշնամին է հյուսիսային ճակատում, ամենամեծ խնդիրը նա իրենից ներկայացնում է Լիբանանի համար՝ Լիբանանի ներսում: Մենք տեսնում ենք ողբերգությունը, որը պատահել է Լիբանանում: Իսրայել պետությունն առաջարկել է օգնություն եւ աջակցություն»,-Գանցի հայտարարությունը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:
«Մտածեք, թե ինչ տեղի կունենա, եթե դա կրկնվի իրանական զենքի հետ լիբանանյան գյուղերում: Լիբանանում մեկ տանիքի ներքո կան հյուրասենյակներ եւ սենյակներ՝ հրթիռները պահելու համար: Իսկ եթե այդ հրթիռը պայթի, հյուրասենյակը նույնպես կքանդվի, եւ Լիբանանի քաղաքացիական հասարակությունը բարձր գին կվճարի: Որպես ռազմական գերատեսչություն մենք բախվում ենք թշնամիների հետ, որոնք զենք են պահում քաղաքացիական օբյեկտներում: Եթե մեզ այլ ընտրություն չթողնեն, բացի կռվելուց, դա կարող է հանգեցնել ծանր հետեւանքների»,-հավելել է Գանցը:
Անցած շաբաթ «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան հեռուստաուղերձում հայտարարել էր, որ Բեյրութի նավահանգստում, որտեղ տեղի է ունեցել հզոր պայթյուն, «Հըզբոլլահ» շարժման զենքի առկայության մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը, այդ լուրերը կոչված են քաղաքականացնելու ողբերգությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: