Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման լաբորատորիաների աշխատանքը

Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների աշխատանքը կգնահատվի բազմակողմանիորեն: Պարետի որոշմամբ՝ արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսի ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) իրականացնելու նպատակով ստեղծվում է մասնագիտական խումբ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացրեցին, որ դրանում ներգրավվում են մասնագետներ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից եւ Չափագիտության ազգային ինստիտուտից։ Այս աշխատանքի արդյունքները շաբաթական կտրվածքով պետք է ներկայացվեն պարետին:

«Մասնագիտական խմբով վերահսկողությունը կարեւորվում է այն առումով, որ լաբորատորիաների աշխատանքը կգնահատվի բազմակողմանիորեն, չափագետների կողմից՝ գործիքային չափումների, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կողմից՝ որակի նկատմամբ, իսկ ԱԱՏՄ-ն կդիտարկի ընթացակարգային, փաստաթղթային եւ նորմերի պահպանման հարցերը։ Պետք է շեշտել, որ պարետի նախորդ՝ թիվ 104 որոշմամբ ԱԱՏՄ-ին արդեն տրվել էր լիազորություն՝ մշտադիտարկելու այն լաբորատորիաները, որոնց ԱՆ-ն թույլատրել է իրականացնել ՊՇՌ հետազոտություններ։ Ըստ այդմ, մինչ մասնագիտական խմբի ձեւավորման որոշումը, ԱԱՏՄ-ն արդեն մի շարք լաբորատորիաներում իրականացրել էր ստուգայցեր, մշտադիտարկումներ, որոնց արդյունքները ներկայացվել են պարետին։ Հաշվի առնելով, որ արձանագրված խնդիրների հիմքով այս օրերին նշյալ լաբորատորիաների գործունեության կասեցումը կարող է հանգեցնել գործընթացի բնականոն ընթացքի խաթարման, տեսչական մարմինների համակարգման գրասենյակի առաջարկով՝ պարետի որոշմամբ՝ մշտադիտարկումները պետք է արվեն միասնական աշխատանքային խմբով»,-ասված է տեսչական մարմնի տրամադրած պատասխանում։

Նշվում է, որ պարետի սահմանած անվտանգության կանոնների նկատմամբ մշտադիտարկման իրականացմամբ հանդերձ՝ ԱԱՏՄ-ն չի շեղվում իր կանոնադրական նպատակներից եւ լիազորություններից, մասնավորապես, բուժհաստատությունների, դեղերի, դեղատների նկատմամբ իր լիազորությունների շրջանակում վերահսկողության իրականացումից:

Տեսանյութեր

Լրահոս