Հայկական ավանդական կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Սևրի դաշնագրի վերաբերյալ

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան, Հայ հեղափոխական դաշնակցություն և Ռամկավար ազատական կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Սևրի հաշտության պայմանագրի 100-ամյակի առիթով:

Հայտարարության մեջ ասված է, որ Սևրի դաշնագիրը միակ դաշնագիրն է, որ ստորագրվել է թե՛ Թուրքիայի և, թե՛ Հայաստանի Հանրապետության կողմից, հայկական կողմի ազա՛տ կամքով: Սևրի դաշնագիրը ոչ միայն Թուրքիային ճանաչում է, որպես պատասխանատու նախկինում նրա գործած պատերազմական հանցագործությունների համար, այլև՛ իրավական հիմք է տալիս Հայաստան-Թուրքիա սահմանը ճշգրտելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի սահմանած իրավարար վճռին:

«Անցնող հարյուր տարիների ընթացքում Թուրքիան շարունակել և շարունակում է ուրանալ մարդկության դեմ իրագործած իր ոճիրը` Հայոց ցեղասպանությունը, խուսափուել և շարունակում է խուսափել, որպես հանցագործ պատասխանատվությունից և պարտավորություններից, Հայաստանի Հանրապետության նկատմամբ 1991թ. սկսված որդեգրել է թշնամական վերաբերմունք, իսկ վերջին օրերին սաստկացրել է Հայաստանի, Արցախի և ողջ հայության դեմ իր հռետորաբանությունը և ռազմական հավանական ոտնձգությունների նախապատրաստությունը»,- նշված է հայտարարությունում:

Կուսակցություններն ընդգծում են, որ Սևրի դաշնագիրը վավերական միջազգային պայմանագիր է, թեև չեն վավերացրել ստորագրած բոլոր կողմերը, բայց նաև իրավականորեն փոխարինված չէ այլ միջազգային փաստաթղթով: Առնվազն Հայ Դատի` Հայաստանի Հանրապետության և հայ ազգի իրավունքների տեսանկյունից շարունակում է մնալ միջազգային օրենքի վրա հիմնված պարտավորագիր:

«Ավելին` Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ին հրապարակած իրավարար վճիռը շարունակում է մնալ Հայաստան-Թուրքիա իրավական սահմանը գծող միջազգային միակ փաստաթուղթը: Սևրի դաշնագրի ստորագրումից 100 տարի անց, Թուրքիայի Հանրապետությունը շարունակում է թշնամական տրամադրվածություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության և ողջ հայության հանդեպ: Մինչև Սևրի հաշտության պայմանագրի մեջ տեղ գտած միջազգային իրավունքի նախադրյալներ կազմող կետերի վրա հիմնված Թուրքիայի պարտավորությունների ամբողջական կատարումը Թուրքիան պարտավոր է` դադարեցնել Հայաստանի Հանրապետության 27-ամյա անօրինական ցամաքային շրջափակումը, դադարեցնել հատկապես վերջին շրջանում Հայաստանի դեմ ուղղված իր ռազմատենչ քայլերը, դադարեցնել իր հակահայ քաղաքականությունը Թուրքիայի ներսում` ներառյալ մեր պատմական և բռնագրավված հողերի վրա, և դրսում` Ցեղասպանության հետևանքով ձևավորված հայկական գաղութների դեմ»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

Ավանդական կուսակցությունների կառավարման մարմինները համոզմունք են հայտնում, որ կգա օրը, երբ, որպես Հայոց ցեղասպանության հեղինակ և պատասխանատու, Թուրքիան պետք է կրի իր պատասխանատվությունը և պետք է հատուցի հայ ժողովրդի բոլոր կորուստները:

«Հայտարարում ենք, որ ինչպես անցյալում, ապագայում ևս մենք` հայկական քաղաքական այլ ուժերի և հատկապես Հայաստանի Հանրապետության հետ գործակցելով, պետք է շարունակենք մեր պայքարը մինչև պատմական արդարության վերականգնումը»,- նշված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս