«Ժամանակն է, որ արաբական աշխարհից հայերը հեռանան, գան մեր հայրենիք. պետք է շտապ հայեցակարգ կազմվի». Նուբար Չալըմյան
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակներում զրուցել ենք ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանի հետ:
– Պարոն Չալըմյան, Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ AlJazeera-ի` վերջին տվյալներով՝ կա 157 զոհ, 5000-ից ավելի վիրավոր: Տարբեր վարկածներ են շրջանառվում այս պայթյունի հետ կապված, ըստ Ձեզ՝ ի՞նչ տեղի ունեցավ, դա անփութությա՞ն հետևանք էր, թե՞ …
– Իհարկե, թվերն ամեն օր ճշգրտվում են, վերջնական թվեր դեռևս չկան: Ձեր նշած թվերին կարող եմ ավելացնել այն, որ այդ 5000-ը պայմանական է, այստեղ մեծ թիվ են կազմում նաև անհետ կորածները, մեծ թվով երեխաներ չկան: Փոքրիկ, աղքատ Լիբանանի համար բավականին խնդրահարույց է և պետք է դառնա ավելի քան 200 հազար անօթևան մարդկանց առկայությունը: Ինչ վերաբերում է այս դեպքին, պետք է մի փոքր հետադարձ հայացք գցենք, թե մինչ այս ահավոր պայթյունը երկրի վիճակն ինչպիսին էր: Երկիրը տնտեսապես գրեթե կոլապսի մեջ էր: Նրանց արտարժույթը հավասարվել էր զրոյի: Ժողովրդի սոցիալական վիճակն օրեցօր վատանում էր. բողոքներ, ցույցեր, միտինգներ, պահանջներ՝ Լիբանանի կառավարության հրաժարականի վերաբերյալ: Սոցիալական ահավոր վիճակ ասելով՝ նկատի ունեմ, որ ոչ միայն դրամը չէր բավականացնում իրենց գոյությունը պահպանելու համար, այլև բացակայում էին ջուրն ու էլեկտրականությունը, լավագույն դեպքում՝ դրանք ժամով էին տրվում՝ սահմանափակ քանակությամբ: Հիմա վնասվել է Բեյրութ քաղաքի կենտրոնական էլեկտրակայանը, որը վերջ է դնում ամեն ինչին: Նույնիսկ հիվանդանոցները չեն կարողացել անհրաժեշտ շուտափույթ վիրահատություններ կատարել՝ էլեկտրականություն չունենալու պատճառով:
Ինչ վերաբերում է, ընդհանրապես, պայթյունին, նախնական վարկածն այն է, որը շրջանառվում է հատկապես Լիբանանի կառավարության կողմից, որ այնտեղ անփութություն է եղել, կարճ միացում է եղել այն պահեստում, որտեղ գտնվել է, կարծեմ, 2700 տոննա թունավոր նյութ, որը պայթուցիկ նյութերի արտադրության և պարարտանյութի պատրաստման հիմնական կոմպոնենտն է: Դեռևս ոչ ոք չի կարող ասել՝ անփութությո՞ւն է, թե՞ ոչ, հետաքննությունը կպարզի: Իրարամերժ կարծիքներ կան արդեն Լիբանանի հայտնի քաղաքական ուժերի և Լիբանանի կառավարության ներկայացուցիչների տված պաշտոնական հաղորդագրության մեջ: Ընդդիմադիրներն ասում են, որ հետաքննությամբ պետք է զբաղվի ոչ թե Լիբանանի կառավարությունը, այլ միջազգային անկախ հետաքննական հանձնախումբ պետք է ստեղծվի: Իրենք տեսնում են ոչ բնական ճանապարհով պայթյուն, սրա մեջ տեսնում են քաղաքական դրդապատճառներ:
– Ձեր խոսքում նշեցիք, որ պայթյունից առաջ հակակառավարական ցույցեր կային. ողբերգական պայթյունից ընդամենը 2 օր անց, Բեյրութի փողոցներում վերսկսվել են հակակառավարական ցույցերը, որոնք ուղեկցվել են նաև իրավապահների հետ բախումներով։
– Այսօր պահանջում են Լիբանանի գործող կառավարության հրաժարականը:
– Արտաքին ուժերի գործոնը որքանո՞վ է առկա այս գործընթացներում:
– Արաբական աշխարհն այսօր գտնվում է պառակտված վիճակում: Նրանց պատմական երազանքն է եղել արաբական միասնականությունը: Նրանք մի հետաքրքիր ասույթ ունեն՝ արաբները եկան համաձայնության, որ այլևս իրար հետ չեն համաձայնելու: Եվ այսօր պառակտված է արաբական աշխարհը՝ կապված վերջին երեք տասնամյակների ընթացքում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ՝ Սիրիան, Իրաքը, Եգիպտոսը, Հորդանանը: Արաբական աշխարհի մի մասը հակված է դեպի ԱՄՆ, եվրոպական երկրներ, մյուս մասը՝ դեպի Ռուսաստան, դեպի այլ ուժեր, որպեսզի կարողանան գտնել իրենց տեղն արաբական աշխարհում: Այս պայթյունը սկիզբ դրեց արաբական աշխարհի նոր կանոններին:
– Ի՞նչ կանոնների մասին է խոսքը:
– Տեսեք՝ ըստ արաբական լրատվամիջոցների՝ Մակրոնը Լիբանանում ասել է, որ պետք է այնտեղ նոր քաղաքական ռեժիմ ստեղծվի: Ի՞նչ է ուզում դրանով ասել: Հրաժեշտ տալ Լիբանանի կառավարման կոնֆեսիոնալ սկզբունքի՞ն, որտեղ արդեն 47 տարի պաշտոնները ֆիքսված են՝ ըստ կրոնական պատկանելության և համայնքային տարբերության, օրինակ՝ երկրի նախագահը պետք է լինի քրիստոնյա-մարոնի, վարչապետը՝ մահմեդական-սուննի, ԱԺ նախագահը՝ մահմեդական-շիա, այսինքն՝ կոնֆեսիոնալիզմի՞ն է ուզում վերջ տալ: Այ, դրա զարգացումները մենք շուտով արդեն պետք է որսանք, որ հասկանանք՝ արդյո՞ք Լիբանանը մեկընդմիշտ հեռանալու է Սիրիայից: Այս իրադարձություններում Սիրիայի անունը չի լսվում: Ճիշտ է՝ Սիրիան գտնվում է շատ վատ վիճակում, բայց սիրիական ռեակցիան դեռ չի երևում, իսկ Սիրիան միշտ Լիբանանն իր հովանու ներքո է տեսնում:
– Ո՞ր երկրներն են փորձելու օգտվել ստեղծված իրավիճակից:
– Այս պայթյունը մեծ հարված է լինելու Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահ»-ին, որը երկար տարիներ Իսրայելի քրոնիկ գլխացավանքն է եղել: Սա ինչ-որ ձևով կոտրելու է «Հեզբոլլահ»-ի ակտիվությունը, նաև՝ Սիրիայի ակտիվությունը Լիբանանում: Ո՞վ է շահելու գոնե այս օրինակներից՝ Իսրայելը:
– Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Հանրապետության արձագանքը. ի՞նչ պետք է արվեր, որ չարվեց:
– Հայաստանի արձագանքը պետք է լինի ավելի քան բարեկամական. Լիբանանը արաբական աշխարհի միակն պետությունն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նախորդ տարի, կարծեմ՝ Սիրիան ևս ճանաչեց, բայց առաջինը Լիբանանն է: Լիբանանը քրիստոնեական երկիր է, հայ ժողովրդի համար բարեկամ երկիր է: Ես նույնիսկ աշխատություն ունեմ Լիբանանի հայ համայնքի մասին՝ 2001թ. հրատարակված, որտեղ ցույց եմ տվել, որ այդ ժամանակ լիբանանահայությունը հասել էր 280-300 հազարի այն դեպքում, երբ Լիբանանի ամբողջ բնակչությունը 2.5 միլիոն էր: Պատրեկացրեք՝ ինչ մաս է կազմել հայ համայնքը և ինչպիսի դեր պետք է խաղար: Այսօրվա լիբանանահայերի համար Լիբանանը եթե ոչ՝ առաջին, ապա՝ երկրորդ հայրենիքն է:
Ինչ վերաբերում է այս իրավիճակում մեր անելիքներին, գուցե ասածս կտրուկ թվա, բայց ժամանակն է, որ արաբական աշխարհից հայերը հեռանան, գան մեր հայրենիք:
– Պատրա՞ստ է Հայաստանի Հանրապետությունը հայրենադարձության:
– Այսօր պետք է հայրենադարձների համար շտապ հայեցակարգ կազմվեն: Մեր կառավարությունը, սփյուռքահայության հետ հարցերի հանձնակատարի գրասենյակը շտապ պետք է հայեցակարգ կազմեն և այսպիսի զգայուն տեղերից հայությանը կամաց-կամաց տեղափոխեն հայրենիք: Ես կուզենայի, որ Սփյուռք լինի, բայց կուզենայի նաև՝ այս վատ առիթն օգտագործեինք, հայությանն այստեղ բերեինք: Մեր ժողովրդի թվաքանակը եթե ոչ՝ այսպիսի պայմաններում, ապա ե՞րբ կարող ենք ավելացնել: Պետք է ճիշտ և հատուկ քաղաքականություն մշակվի նրանց համար: Այսօր պետք է ինքնաթիռներ ուղարկվեն՝ ծերերին, երեխաներին, կանանց գոնե Լիբանանից շտապ այստեղ բերելու համար:
– Ո՞վ պետք է համակարգի այդ ամբողջ գործընթացը:
– Դա Սփյուռքի հետ աշխատանքների հանձնակատարի գործն է: Իրենք արդեն գոնե բավականին փորձ ունեն, արդեն մոտ 2 տարի է՝ ստեղծվել է այդ մարմինը, իրենք շատ լավ գիտեն ամեն համայնքի առանձնահատկությունները, առավել ևս՝ այսպիսի արտակարգ իրավիճակի պայմաններում: Հյուրանոցներ կան, առանձին օբյեկտներ կան, թող բերեն՝ տեղավորեն: Մեր այսօրվա պետականության համար սա շատ կարևոր նշանակություն ունի: Տեսեք՝ Սիրիայի հյուսիսային շրջանում մեծ թվով հայեր կան, որոնց մեծ մասն արդեն քրդացել են, երեխան երբ ծնվում է, նրա առաջին թոթովանքներն արդեն քրդերեն են, որովհետև շփվում են քրդերի հետ: Ինչո՞ւ չբերել այդ գյուղացիներին, որոնք հողի մարդիկ են, մշակող են, աշխատասեր, և տեղավորել Արցախում: Ուղղակի շատ սրտացավ, ինքնազոհողության գնացող պետական պաշտոնյաներ են պետք:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում