
Ռուսաստանի ժուռնալիստների միությունը անհանգստացած է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակումներով

Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակումը մտահոգության տեղիք է տալիս, Ռուսաստանի ժուռնալիստների միությունը ուշադիր հետևելու է իրավիճակին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է միության քարտուղար Թիմուր Շաֆիրը:
«Ցանկացած գործողություն, որն ուղղված է մեր գործընկեր լրագրողների աշխատանքի և իրավունքների սահմանափակմանը, չի կարող չանհանգստացնել: Ըստ այդմ, ՀՀ Նախագահի ստորագրած օրենքը նման դեպքերից մեկն է»,- ասել է Շաֆիրը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է օրենք, որը սահմանափակում է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա, այդ թվում՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումները:
Շաֆիրը ընդգծել է, որ անհրաժեշտ են այնպիսի լրացուցիչ միջոցառումներ նախաձեռնել, ինչպիսիք են միջպետական համաձայնագրերը: Շաֆիրը նշել է, սակայն, որ գործնական ռեժիմով դրանք ավարտելը բավականին խնդրահարույց կլինի մինչև 2021 թվականի հունվարը: