«ՀՀ-ում կա՞ն բռնկուն և քիմիական վտանգ ներկայացնող մեծ պաշարներ, դժվարանում եմ ասել. նախկին քիմգործարանների պահեստներում, հնարավոր է՝ մնացած լինեն». Արմեն Մանվելյան

168.amի հարցազրույցը էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանի հետ:

Հուլիսի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ՂՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը և ՂՀ էներգետիկայի նախարար Նուրլան Նոգաևը ստորագրեցին նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագիր: Որքանո՞վ է Հայաստանը շահելու սրանից, ղազախական նավթամթերքի տոկոսային ցուցանիշը նշանակալի՞ է հայաստանյան շուկայում:

– ՀՀ նավթամթերքների շուկան բավականին փոքր է, և տնտեսական առումով այն մեծ հետաքրքրություն խոշոր ներմուծողների համար չի ներկայացնում։ Հետևաբար, նմանատիպ համաձայնագրերն ավելի շատ քաղաքական, քան տնտեսական բնույթ են կրում։ Մրցակցել ռուսական նավթ ներմուծողների հետ բավականին բարդ է, քանի որ նրանք ունեն երկարատև պայմանագրեր հայկական ընկերությունների հետ և բավականին զեղչեր են անում ՀՀ նավթամթերք ներմուծելիս, ուստի, կարծում եմ, այս պայմանագիրը թղթի վրա մնալու բոլոր շանսերն ունի։

– Չնայած վերևում նշված ռուսական գործոնին, ամեն դեպքում, ուրիշ ո՞ր երկրի հետ ճիշտ կլինի նմանատիպ պայմանագիր ունենալը:

– Խնդիրն այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրների հարաբերությունները կարգավորում է այդ միության պայմանագիրը, որտեղ խոսվում է նաև նավթի միասնական շուկայի ստեղծման մասին։ Նախատեսվում է, որ 2024-ին պետք է գործի այդ համաձայնագիրը, ինչը հնարավորություն կտա անդամ պետություններին միջազգային շուկայական գներից համեմատաբար էժան նավթամթերք ներմուծել, սակայն այդ շուկայի ստեղծման համար դեռ պետք է ստեղծվեն համապատասխան կառույցներ և ընդունվեն օրենքներ։ ՀՀ-ն նավթամթերք՝ դիզվառելիք է ներմուծում նաև Իրաքից և մասամբ Իրանից, հնարավոր է, որ նմանատիպ պայմանագիրը նպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

– Բեյրության պայթյունի համատեքստում՝ մեկ հարց. ՀՀ-ն այս դեպքից անվտանգային առումով հետևություններ պիտի՞ անի, օրինակ, մի ժամանակ խոսակցություններ կային, որ «Վանաձոր Քիմպրոմ»-ում վտանգավոր նյութերի պահման գործընթացը ճիշտ չի իրականացվում: Գուցե այլ տեղերում էլ նման խնդիր լինի:

– Նմանատիպ նյութերի պահեստները պետք է գտնվեն հատուկ վերահսկողության ներքո։ Արդյոք ՀՀ-ում կա՞ն այդպիսի՝ բռնկուն և քիմիական վտանգ ներկայացնող մեծ պաշարներ, դժվարանում եմ ասել, սակայն նախկին քիմիական գործարանների պահեստներում հնարավոր է, որ մնացած լինեն, հետևաբար, հատկապես բեյրության դեպքերից հետո, այդպիսի պահեստները պետք է հայտնվեն մեծ ուշադրության կենտրոնում և փորձեն հնարավորինս արագ չեզոքացվել ամեն տեսակի վտանգները։

 

Տեսանյութեր

Լրահոս