«Վաղն էլ մարդկանց մեքենաներից կքաշեն, մյուս օրը՝ կպառկացնեն ասֆալտին». Ամրամ Մակինյան
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շարունակում են խուզարկություն իրականացնել M Group ընկերությունում։ Փաստաբան Ամրամ Մակինյանի խոսքով՝ դեռևս իրենց համար պարզ չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացնում գործողությունները։
«Զննման անվան տակ խուզարկություն կատարելը երևի վերջին անգամ տեղի է ունեցել 100 տարի առաջ։ Բառիս բուն իմաստով՝ ինչ ուզում, անում են։ Այս գործընթացը կանգնեցնելու միակ եղանակն ուղղակի այս մարդկանց հետ ձեռնամարտի բռնվելն է, որը մեր սկզբունքների մեջ չի մտնում։ Մենք հրավիրել էինք ՄԻՊ-ի ներկայացուցիչներին, նրանք ֆիքսել են ամբողջ գործընթացը։ Կարծում եմ՝ ՄԻՊ գրասենյակից այս ամենին արձագանք կլինի։ Մենք պատրաստվում ենք այս գործընթացը տեղափոխել իրավական դաշտ, չնայած անկեղծ կլինեմ՝ տեսնելով այս մարդկանց վստահությունը, թե ինչպես են օրենքը ոտնատակ տալիս, այդքան էլ համոզված չեմ, որ իրենց գործողություններին կտրվեն գնահատականներ»,- նշեց Ամրամ Մակինյանը։
Ըստ փաստաբանի՝ իրենց թույլ չեն տվել ծանոթանալու արձանագրությանը, հուսով է, որ խուզարկության վերջում կծանոթանա, թե ինչ է այնտեղ գրված։
Նա հավելեց, որ այս ամենի անունը դնել քննչական գործողություններ կամ, ինչպես ոստիկանությունն է ասում՝ դեպքի վայրի զննություն՝ պարզապես զավեշտ է։
Ա.Մակինյանը նաև ընդգծեց, որ ոստիկանությանը չի հետաքրքրում, թե ինչ փաստաթուղթ են վերցնում, նրանք նույնիսկ դրանք առանց կարդալու և նայելու՝ վերցնում են։
«Մենք չգիտենք, թե ինչ փաստաթուղթ են վերցնում, դրանք համարակալված չեն։ Այս փաստաթղթերը կարող են ավելացվել, պակասեցվել, կամ կարող են ուղղակի կորել։ Մենք վաղը չենք կարող պահանջել, որ դրանք ամբողջ ծավալով վերադարձնեն, որովհետև չգիտենք, թե ինչ են վերցնում։ Սա շատ վտանգավոր է, սա մասնավոր դեպք չէ, իրավակարգը վտանգված է, վտանգված է ՀՀ քաղաքացու իրավունքները։ Վաղն էլ մարդկանց մեքենաներից կքաշեն, մյուս օրը կպառկացնեն ասֆալտին, և այդ ամենն արդեն անում են»,- շեշտեց Ամրամ Մակինյանը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ժամ է՝ ոստիկանությունը խուզարկում է ընկերության գրասենյակը, որը, ըստ փաստաբանների՝ տեղի է ունենում մի շարք խախտումներով։ Նրանց խոսքով՝ ոստիկանությունը չի ներկայացրել, թե ինչ գործի շրջանակներում են իրականացնում խուզարկությունը, նրանք չեն ներկայացրել նաև դատարանի կողմից տրվող ցուցումը։