«Նրանք պարտավոր էին մեզ պարզաբանել մեր իրավունքները». Փաստաբանը՝ M Group ընկերությունում կատարվող գործողությունների մասին

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շարունակում են գործողություններ իրականացնել M Group շինարարական ընկերությունում։ Ընկերության փաստաբան Գեորգի Մելիքյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ոստիկանները հրաժարվել են իրենց մասնակից դարձնել տվյալ գործողությանը, և արձանագրության մեջ կատարվել է կեղծիք։

«Ոստիկանությունն արձանագրել է, իբրև մեր վստահորդին առաջարկվել է, որպեսզի նա մասնակցի գործողությանը, սակայն նա որևէ կերպ չի արձագանքել։ Գործողությանը մասնակցում են անձինք, որոնց կարգավիճակը մեզ հայտնի չէ։ Թե կոնկրետ ինչ հանցագործության դեպք է տեղի ունեցել այս գրասենյակի տարածքում, չեն ներկայացրել։ Դա չի երևում տվյալ արձանագրությունից»,- նշեց Գ.Մելիքյանը։

Նա հավելեց, որ սկզբում ոստիկանները հրաժարվել են իրենց տրամադրել արձանագրությունը, որպեսզի իրենք ծանոթանան:

«Նրանք պարտավոր էին մեզ պարզաբանել մեր իրավունքները, բայց մենք էինք որպես փաստաբան նրանց ստիպված բացատրում իրենց իրավունքները, որպեսզի աշխատեն օրենքի տառին համապատասխան»,- եզրափակեց փաստաբանը։

Տեսանյութեր

Լրահոս