Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 5-ին ցավակցագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Նաիմ Աունին՝ իր խոր ցավն արտահայտելով Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի առնչությամբ, որը պատճառ դարձավ մարդկային անմեղ զոհերի, բազմաթիվ վիրավորների և ավերածությունների:
Նորին Սրբությունն իր վշտակցությունն է փոխանցել Լիբանանի պետական ավագանուն, անմեղ զոհերի ընտանիքներին ու հարազատներին և Լիբանանի բարեկամ ողջ ժողովրդին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով պայթյունից տուժածներին։
«Մեր մաղթանքն է, որ Լիբանանի աստվածասեր ժողովուրդը հաղթահարի առկա դժվարությունները և շարունակի իր խաղաղ ու ստեղծագործ կյանքի ընթացքը», – նշել է Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ դժվարին այս պահին բերելով իր զորակցությունը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանությանը և Լիբանանի հայ համայնքին։
Հայոց Հովվապետն իր ցավակցություններն է ուղղել Արամ Ա Կաթողիկոսին հայորդիների մահվան առիթով, հետաքրքրվել պայթյունի հետևանքով Բեյրութի բնակչությանը, հայ համայնքին և կաթողիկոսարանին պատճառված վնասներով։