Հրատապ է ժամերի ընթացքում Բեյրութ-Երևան չարտերային թռիչք կազմակերպելը․ Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրատապ կազմակերպել Բեյրութ-Երևան չարտերային չվերթ
Այն, ինչ տեղի ունեցավ Բեյրութում, զարհուրելի է. տասնյակ զոհեր, հազարավոր վիրավորներ և այս պահին դեռ վիրավորների ու զոհերի թիվն աճում է:
Զոհեր և վիրավորներ կան նաև մեր հայրենակիցների շրջանում:
Ինչ պիտի անի ՀՀ Կառավարությունը:
Լիբանանի իշխանությունները երեկ հորդորեցին բեյրութցիներին լքել Բեյրութը, քանզի հզոր պայթյունի արդյունքում արտանետվել են առողջության համար վտանգավոր թունավոր նյութեր:
Մենք պատասխանատու ենք մեր յուրաքանչյուր հայրենակցի համար և կառավարության առաջնահերթ խնդիրը պիտի լինի ժամ առաջ չարտերային չվերթով Երևան տեղափոխել մեր հայրենակիցներին:
Ես չգիտեմ ՝ ինչով է նշանակումից ի վեր զբաղվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Սինանյանը, բացի Գլենդելում հայաստանյան ընդդիմադիր գործիչների դեմ «քիսոյագրոհներ» կազմակերպելուց, այդուհանդերձ, մեր բոլորի խնդիրը պիտի լինի լիբանանահայ մեր հայրենակիցների անվտանգությունը:
Հրատապ է ժամերի ընթացքում Բեյրութ-Երևան չարտերային թռիչք կազմակերպելը և մեր այն հայրենակիցներին, որոնցից շատերը երեկվանից զանգում են մեզ և փորձում հասկանալ ՝ ինչ կերպ է հնարավոր հասնել Հայաստան, մեր այդ հայրենակիցներին տեղափոխել:
Կարծում եմ՝ մենք ունենք բավականաչափ թափուր մնացած հանգստյան տներ, որտեղ այս ընթացքում կարող ենք տեղավորել այս մեծ ավերից տուժած մեր հայրենակիցներին:
Ես ավելորդ եմ համարում ասել, որ այս պահին Սփյուռքի հանձնակատարի, ով մինչև վերջերս Գլենդելում «հով լռված» էր, թիվ մեկ խնդիրը պիտի լիներ Բեյրութը. եկեք միասնաբար մոռանանք հանձնակատարին, քանզի նա շատ ավելի կարևոր առաքելություններ ունի գլենդելներում և ժամ առաջ մեր հայրենակիցներին հատուկ չվերթով տեղափոխենք Հայաստան: Մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ մեզանից շատերը պատրաստ են հենց իրենց ընտանիքներում հյուրընկալել Բեյրութի մեր հայրենակիցներին:
Ի դեպ, մեծ պայթյունից ժամեր առաջ, նախապես պլանավորված Բեյրութ-Երևան թռիչքով Հայաստան է ժամանել 90 հայ, այդ թվում՝ 16 երեխա:
Հ. Գ. Հավելեմ նաև, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ և տեղեկացրել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի աղետից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը»:
Հրատապ կազմակերպել Բեյրութ-Երևան չարտերային չվերթԱյն, ինչ տեղի ունեցավ Բեյրութում, զարհուրելի է. տասնյակ զոհեր,…
Gepostet von Naira Zohrabyan am Mittwoch, 5. August 2020