Հայաստանը դիտարկում է Լիբանանին թիրախային օգնություն ցուցաբերելու սցենարներ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու սցենարները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»,- գրել է Նաղդալյանը:
Մամուլի խոսնակը նշել է, որ այս պահին դրությամբ տեղեկություն կա ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին, բայց այդ թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։