
Ֆրանսիացի գիտնականները շատ հավանական են համարել կորոնավիրուսի երկրորդ ալիքը

Ֆրանսիայի գիտական խորհուրդը, որն աշխատում է երկրի կառավարությանն առընթեր, կարծում է, որ առաջիկա ամիսներին երկիրը կբախվի COVID-19 կորոնավիրուսի երկրորդ ալիքին:
«Մեծ է այն բանի հավանականությունը, որ համաճարակի երկրորդ ալիքը կլինի աշնանը կամ ձմռանը»,- Le Figaro թերթը օգոստոսի 4-ին քաղվածքներ է մեջբերում խորհրդի հայտարարությունից:
Ինչպես նշել են փորձագետները, «իրադրությունը Ֆրանսիայում գտնվում է հսկողության ներքո, բայց այն շատ անկայուն է»՝ կապված համաճարակաբանական իրավիճակի պարբերական դժվարությունների հետ: Նրանք նշել են, որ «այն, թե ինչպես կզարգանա համաճարակը մոտ ապագայում, մեծ մասամբ քաղաքացիների ձեռքում է»:
Նախօրյակին՝ օգոստոսի 3-ին, Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է, որ չի կարելի թուլանալ, նվազեցնել սթափությունը, քանի որ կորոնավիրուսն առաջվա պես տարածվում է երկրի տարածքում:
Worldometers պորտալի տվյալների համաձայն, Ֆրանսիայում COVID-19-ի բռնկման սկզբից ի վեր գրանցվել է հիվանդության ավելի քան 190 հազար դեպք, վարակվածներից շուրջ 30 հազարը մահացել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: