«Պետք է hամակարգված ընդդիմադիր շարժում ձևավորել և գնալ հանրային ճնշման ավելացման ճանապարհով». Արա Հակոբյան

Այս կառավարությունն արդեն երկու տարի է՝ ինչ փորձում է դիրքորոշում ձևավորել Ամուլսարի հանքի շահագործման կամ չշահագործման հարցում, ուստի, դրանով պայմանավորված, ամեն գնով անորոշություն է ցուցաբերում, փորձում խուսափել պատասխանատվությունից, սակայն վերջնարդյունքում պարզ է, որ որոշում պետք է ընդունի այդ նույն Կառավարությունը, ուստի չի բացառվում, որ հիմա փորձում է նաև հանրային տրամադրություններ ստուգել։

Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի նախագահ Արա Հակոբյանը՝ շեշտելով, որ, ինչպես այս Կառավարության տված մյուս խոստումները, այնպես էլ հանքարդյունաբերող երկրից տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր դառնալու մասին խոստումները մնացել են անկատար։

«Հայտնվել են մի իրավիճակում, որ ունենք համընդգրկուն ճգնաժամ, ունենք տնտեսական ճգնաժամ, բյուջեի մուտքերը նվազել են, և կարող է Կառավարությունը Ամուլսարը փորձի շահագործել, եթե, իհարկե, կարողանա կոտրել հանրային դժգոհությունը։ Այս իշխանությունը բազմիցս ցույց է տվել, որ իր առջև դնում է նպատակներ, միջոցների ընտրության առաջ կանգ չի առնում, իսկ համավարակի  կառավարման ընթացքում մենք տեսանք, թե ինչպես են տարբեր հարցերի վերաբերյալ  հանրային ընդվզումներն ուժային մեթոդներով կոտրել»,- ասաց  Հակոբյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը կիրառում է ճնշումներ՝ ընդդեմ հանրային տարատեսակ դժգոհությունների՝ նպատակ ունենալով  սեփական իշխանությունը հնարավորինս երկարաձգել։ Ըստ Հակոբյանի՝  իշխանությունը կիրառում է ճնշման բոլոր  գործիքները, բայց խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքացին պետք է հստակ  հասկանա, որ կարող է այդ ճնշումներից ձերբազատվել իշխանությունների նկատմամբ հանրային ճնշման միջոցով։

«Հանրության մոտ առաջանում են դժգոհության օջախներ։ Մարդիկ պետք է հասկանան, որ փոփոխությունների հնարավոր է հասնել միայն իշխանության նկատմամբ հանրային ճնշմամբ, բոլոր գործիքները պետք է կիրառել՝ սկսած դիրքորոշումների հանրայնացումից, վերջացրած համապատասխան հավաքներով, որոնք պետք է կրեն նաև փողոցային դրսևորումներ։ Իշխանություններն անընդհատ սպառնում են, բայց դա  կանեն և կսպառնան այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ դրանից կվախենան։ Պետք է չվախենալ նրանից, ինչով վախեցնում են այս իշխանությունները»,- ասաց Հակոբյանը։

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի նախագահի խոսքով՝ և՛ ընդդիմադիրները, և՛ շարքային քաղաքացիները պետք է ստեղծված ծանր իրավիճակում արձագանքեն առանց վախերի, իսկ այս հարցում խիստ անհրաժեշտ է ներհայկական ներուժի համախմբումը և ոչ թե՝ պառակտումը, ինչի ճանապարհով գնաց գործող իշխանությունը։

«Մենք կարծում ենք, որ պետք է ամեն ինչ անել՝ հասնելու համար ազգային համաձայնության Կառավարության ձևավորմանը։ Ենթադրաբար, իշխանությունը արտակարգ դրությունից կանցնի արտակարգ իրավիճակի ձևաչափի, իսկ եթե ենթադրենք, որ հավաքների սահմանափակումները պահպանվեն, ապա պետք է հիշել, որ դրան հակազդելու միակ ձևը չվախենալն է։ Քաղաքացին պետք է գնա քաղաքական ընդդիմության հետևից։ Քաղաքական ընդդիմությունը պետք է ստեղծի համակարգված ընդդիմադիր շարժում՝ ընդդեմ իշխանության, և այն պետք է շարունակական լինի և չընկրկի»,- ասաց Հակոբյանը։

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացին՝ Արա Հակոբյանը նշեց, որ այն իշխանությունը, որն իր կառավարման երկու տարիների ընթացքում ասել է մեկ բան, արել՝ բոլորովին ուրիշ բան, և շարունակում է չխոսել Արցախի կարգավիճակի մասին առհասարակ, այլ բան չունի անելու և պետք է հեռանա։

«Այն իշխանությունը, որը չի ասում՝ Արցախի Հանրապետություն իր ռազմավարություն կոչվող փաստաթղթում, այն իշխանությունը, որը չի խոսում Արցախի միջազգային ճանաչման ու կարգավիճակի մասին ընդհանրապես, այդ իշխանությունն ի՞նչ պետք է անի, պետք է հեռանա, այլ բան չունի անելու, իսկ որպեսզի հեռանա, այդ իշխանության վրա պետք է լինի հանրային համարժեք ճնշում»,- ասաց Հակոբյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս