«Կորոնավիրուսն օրգանիզմում կարող է նպաստել երկրորդային վարակի առաջացմանը՝ բակտերիալ կամ սնկային, որը, հնարավոր է՝ հանգեցնի կլինիկական պատկերի սրման». վիրուսաբան

Կորոնավիրուսային վարակի դեպքում, ինչպես դա հաճախ տեղի է ունենում վիրուսային այլ հիվանդությունների դեպքում, պաթոգենեզը կամ ախտածնությունը, այլ կերպ՝ հիվանդության զարգացման ընթացքը, բարդ է: Այսինքն՝ մի կողմից՝ վիրուսն օրգանիզմում առաջացնում է սիստեմային խախտում, մյուս կողմից՝ կարող է նպաստել երկրորդային վարակի առաջացմանը (բակտերիալ կամ սնկային), կամ խրոնիկ հիվանդության սրացման, որը պացիենտն արդեն ունի:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մոնրեալի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր (Professor in Virology Université de Montréal Canada) Լևոն Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին՝ քրոնիկ հիվանդություն ունեցող և կորոնավիրուսով վարակված մարդիկ մահանում են վիրուսի՞ց, թե՞ առկա քրոնիկ հիվանդություններից, որոնք այս դեպքում սրվում են, մյուս կողմից՝ մահվան դեպքեր են արձանագրվել խրոնիկ հիվանդություն չունեցող ոչ մեծահասակ մարդկանց շրջանում:

«Յուրաքանչյուր դեպքի մասով անհրաժեշտ է պարզել, թե ինչ սցենար է զարգացել կամ զարգանում: Կորոնավիրուսը քիչ է ուսումնասիրված, բայց պաթոգենեզին բնորոշ այս վարակի որոշ դետալներ մենք արդեն գիտենք: Վարակն առաջացնում է ցիտոկինային փոթորիկ, որը ախտահանում է ստորին շնչառական ուղիները, ազդում է արյան մակարդելիության վրա, առաջացնում է բորբոքային պրոցեսներ որոշ օրգաններում, այդ թվում՝ սրտանոթային համակարգում, և այլն: Եվս մեկ լրացում պաթոգենեզի հետ կապված. ինչպես ասացի, կորոնավիրուսով վարակված պացիենտների որոշ մասի մոտ առաջանում է նաև երկրորդային վարակ, որը կարող է խիստ սրել կլինիկական պատկերը և անգամ դառնալ մահվան պատճառ: Այդ իսկ պատճառով շատ երկրներում բժիշկները հավելյալ հակաբակտերիալ և հակասնկային թերապիա են նշանակում»,- մանրամասնեց վիրուսաբանը:

Լևոն Աբրահամյանն այս համատեքստում շարունակեց, որ Քովիդ-19-ը հաճախ ուղեկցվում է երկկողմանի թոքաբորբով, որը հայտնաբերվում է СТ սկանավորման (համակարգչային տոմոգրաֆիա.- Մ.Պ.) միջոցով, և, որ սկզբնական փուլում այն ունենում է «ցրտահարված ապակու» պատկեր: Սակայն պրոգրեսիայի կամ հարաճման պարագայում փոփոխությունները դառնում են առավել, այսպես ասած, պինդ և ընդարձակ:

«Թոքերի այս պաթոլոգիան բացատրվում է բարդ բորբոքային պրոցեսով, որի ընթացքում նեյտրոֆիլներն անցնում են թոքեր, որտեղ զարգանում է վարակը: Այդ նեյտրոֆիլները հանգեցնում են թթվածնի ռեակտիվ ձևերի արտադրման և ցիտոկինների (իմունային մոլեկուլներ) արտանետման թոքային հյուսվածքներ, որոնք իրենց հերթին բերում են ալվեոլի (թոքաբշտիկ.- Մ.Պ.) և փոքր կապիլյարների (մազանոթ, մազախողովակ) «մահվան» կամ ոչնչացման: Սրան հաջորդում է հեղուկի կուտակումը ինտերստիցիալ տարածությունում և թոքերի ալվեոլներում (hամակարգչային շերտագրում այն «ցրտահարված ապակու» տեսքով է արտացոլվում), ինչն առաջացնում է հազ, թթվածնի անկում արյան մեջ, շնչահեղձություն: Սիրտը փորձում է կոմպենսացնել, լրացնել թթվածնի անբավարարությունը (հիպոքսեմիան) արյան մեջ սրտի ռիթմի արագացմամբ, ինչն իր հերթին հանգեցնում է առիթմոգեն վիճակի և սրտի բջիջների վնասման: Ցիտոկինային փոթորիկն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, մկանացավով և տարբեր օրգանների բորբոքումով, առիթմիայով, շոկով»,- մանրամասնեց վիրուսաբանը:

Ըստ նրա՝ բարեբախտաբար, հիվանդության նման ծանր ընթացք նկատվում է ոչ մեծ թվով վարակակիրների մոտ՝ հիմնականում մեծահասակների և քրոնիկ հիվանդություն ունեցողների շրջանում, այսինքն՝ ռիսկային խմբում գտնվողների:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին, ապա, ըստ Մոնրեալի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր Լևոն Աբրահամյանի, ԱՀԿ-ն և շատ գիտնականներ գտնում են, որ երկրորդ ալիք դեռ չկա:

«Վարակակիրների թվաքանակի հետ կապված նոր տեղեկությունները կարելի է բացատրել նրանով, որ հարավային կիսագնդում մոտենում ենք աշուն-ձմեռ ժամանակահատվածին, և սա հենց այն սեզոնն է, երբ ակտիվանում են շնչառական ինֆեկցիոն հիվանդությունները: Այդ իսկ պատճառով, այնպիսի երկրներում, ինչպիսին Բրազիլիան է, վարակակիրների թիվը խիստ աճում է: Բացի այս, շատ երկրներում կարանտինային սահմանափակումները՝ մասնակի կամ ամբողջական, ժամանակից շուտ հանվել են, և բնակչությունը, մասնավորապես՝ երիտասարդ, ակտիվ սկսել են այցելել բարեր, դիսկոտեկներ, ծովափեր: Սա ավելացրել է շփումները մարդկանց միջև, հետևաբար՝ վարակակիրների թիվը ևս աճել է: Բացի այս, զանգվածային անկարգությունները և բողոքի ակցիաները, երթերն ԱՄՆ-ում և եվրոպական մի քանի երկրներում ևս նպաստել են էպիդեմիայի տարածմանը: Այսինքն՝ կան տարբեր գործոններ, որոնք նպաստել են մարդկանց միջև կորոնավիրուսի փոխանցմանը, նոր դեպքերի առաջացմանը: Չկա երկրորդ ալիք, որովհետև առաջինը դեռ չի ավարտվել»,- նշեց մեր զրուցակիցը:

Վիրուսաբանի խոսքով, թե ինչպես կզարգանա իրավիճակն աշնանը հյուսիսային կիսագնդում, դժվար է ասել:

Աբրահամյանն այս համատեքստում շեշտեց, որ, մի կողմից՝ ավանդաբար այդ ժամանակահատվածում բնակչության շրջանում ավելանում են շնչառական հիվանդության դեպքերը, մյուս կողմից՝ մի քանի երկրներում սպասվում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի մոտակա ժամանակները:

Տեսանյութեր

Լրահոս