Բաժիններ՝

ԲՈԿ-ը՝ ԿԳՄՍ նախարարի կողմից ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտության մասին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հուլիսի 17-ին ավելի քան 3 ժամ տևած նիստի արդյունքում կառավարման խորհրդի 26 անդամից 22-ը փակ գաղտնի քվեարկությամբ իր ձայնը տվեց հօգուտ համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի: Իսկ այդ ընթացքում արդեն հրապարակվել էր ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈԿ) հուլիսի 17-ին ընդունած որոշումը, համաձայն որի՝ անվավեր էր ճանաչվել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանին՝ միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը, որտեղ նշված է, որ հիմք ընդունելով ԲՈԿ-ի ուսումնասիրությունների արդյունքում Ատենախոսության մեջ այլ աղբյուրներից և հեղինակներից առանց համապատասխան հղումների օգտագործված նյութերի, փոխառությունների առկայության բացահայտումը, ինչը հանդիսանում է ՀՀ կառավարության 08.08.1997թ. «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» 11-րդ կետի խախտում, ղեկավարվելով ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ գլուխների պահանջներով:

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մտադիր է առաջիկայում չեղարկել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի որոշումը:

ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից 168.am-ը հետաքրքրվել էր՝ ՀՊՏՀ ռեկտորի հետ կապված նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել: Ի պատասխան՝ հայտնել էին.

«Դ. Գալոյանի վարչական բողոքների հիման վրա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հարուցել է բողոքարկման վարույթներ: Բողոքարկվող հրամանների կատարումը կասեցվել է մինչև բողոքների վերաբերյալ ըստ էության որոշումների կայացումը»:

Հուլիսի 31-ին՝ վարույթի քննության օրը, երբ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը նախարարություն է գնացել իր փաստաբանի հետ՝ հայտարարել են, որ նախարարություն իրավունք չունի մուտք գործել իր փաստաբանի հետ:

Սմբատ Գոգյանը 168.am-ին փոխանցեց, որ այս առիթով Բարձրագույն որակավորման կոմիտեն հայտնել է իր դիրքորոշումը, այն է՝ վարույթի շրջանակներում հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, ԲՈԿ-ի նախագահը հրավիրվել է ԿԳՄՍ՝ ԲՈԿ-ի փաստարկները ներկայացնելու:

Նիստին ներկա են եղել վարույթն իրականացնող ԿԳՄՍ նախարարության երեք ներկայացուցիչները, տիկին Գալոյանն իր փաստաբանի հետ, ինչպես նաև Սմբատ Գոգյանն ու այս վարույթի շրջանակներում ԲՈԿ-ի շահերը ներկայացնող փաստաբան Սայադ Բադալյանը: Վարույթն իրականացնողները չեն թույլատրել, որ Սայադ Բադալյանը մասնակցի նիստին՝ Սմբատ Գոգյանին հորդորելով օգտվել ԲՈԿ-ի աշխատողների կամ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության աջակցությունից:

«Նշենք, որ ԲՈԿ-ը չունի իրավաբան, իսկ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունից հուլիսի 22-ին ելք արված և նախարարի կողմից հուլիսի 27-ին ստորագրված գրությամբ ԲՈԿ-ին հայտնել են, որ ԲՈԿ-ը սխալ է վարվել: Ստացվում է, որ վարույթը վերահսկող, որոշում կայացնողը (ԿԳՄՍ նախարարը) և ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունը (ԲՈԿ-ի շահերը ներկայացնելու պարտավորվող մարմինը) ի սկզբանե արտահայտել են վարույթի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, իսկ վարույթն իրականացնողները չեն թույլատրում, որպեսզի ԲՈԿ-ը ներկայանա սեփական փաստաբանով՝ փոխարենը՝ հորդորելով շահերի պաշտպանության համար դիմել հենց ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությանը։ ԲՈԿ-ի շահերի պրոֆեսիոնալ պաշտպանության անհնարինության պատճառով ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարվել է մասնակցել լսումների ընթացքին և Սայադ Բադալյանի հետ լքել է լսումները՝ հուլիսի 31-ին իր գրավոր դիրքորոշումն ուղարկելով վարույթն իրականացնողներին»,- նշված է պարզաբանման մեջ:

Անդրադարձ է կատարվել նաև բողոքաբերի ատենախոսությանը: Բողոքաբերի դոկտորական ատենախոսության մեջ ԲՈԿ-ը բացահայտել է առանց հղումների բազմաթիվ և մեծածավալ փոխառություններ: Ո´չ 09.07.2020թ.-ի թիվ 103Ա, ո´չ 17.07.2020թ.-ի թիվ 107Ա հրամանների վերաբերյալ բերված բողոքներում, ո´չ հանրային հայտարարություններում Բողոքաբերը երբեք չի ժխտել այս փաստերի առկայությունը, չի բերել որևէ հիմնավորում, որ փոխառություններ առկա չեն: Սա կարևորագույն արձանագրում է: Բողոքաբերի բոլոր փաստարկներն ուղղված են եղել ընթացակարգային հարցերին` առանց գրագողության բուն փաստերին անդրադառնալու: Այնուամենայնիվ, ընթացակարգային խախտումների վերաբերյալ Բողոքաբերի փաստարկները նույնպես անհիմն են:

ԲՈԿ-ի` կոլեգիալ վարչական մարմին հանդիսանալու վերաբերյալ էլ նշված է, որ բողոքաբերը պնդում է՝ԲՈԿ-ը հանդիսանում է կոլեգիալ գործադիր մարմին, ուստի ԲՈԿ-ի նախագահն իրավունք չուներ միանձնյա վարչական վարույթ հարուցել և վարչական ակտ կայացնել: Որպես այս մտքի հիմնավորում՝ Բողոքաբերը հղում է կատարում ՀՀ կրթության և գիտության նախարարի 12.06.2018թ.-ի թիվ 593-Լ որոշմամբ հաստատված ԲՈԿ-ի կանոնադրության 6-րդ կետին, ըստ որի` «ԲՈԿ-ը կազմված է ղեկավարից, ղեկավարի տեղակալից, ղեկավարի օգնականից, կառուցվածքային ստորաբաժանումներից»:

Այս կարծիքն անհիմն է: Որևէ իրավական ակտով, այդ թվում` ԲՈԿ-ի կանոնադրությամբ, սահմանված չէ որևէ կետ, որով կնախատեսվի, որ ԲՈԿ-ը վարչական վարույթներ պետք է իրականացնի և վարչական ակտեր կայացնի կոլեգիալ կազմով: Կոլեգիալ վարչական մարմին հանդիսանալու հանգամանքը պետք է բխի որևէ հստակ իրավական ակտից, որտեղ կներկայացվի տվյալ մարմնի վարչական վարույթի առանձնահատկությունը:

Օրինակ` Բողոքաբերի կողմից հիշատակված ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 16.08.2019թ.-ի թիվ 102-Լ հրամանով հաստատված կանոնադրության 13-րդ կետով հստակ սահմանվում են հենց հանձնաժողովի լիազորությունները, իսկ 20-րդ կետով` նախագահի լիազորությունները: ԲՈԿ-ի կանոնադրության մեջ խոսվում է միայն նախագահի լիազորությունների մասին, և որևէ կարգավորում առկա չէ կոլեգիալ վարչական մարմին հանդիսանալու վերաբերյալ: Ավելին, կանոնադրության 17-րդ կետի 1-ին և 2-րդ կետերը հստակ սահմանում են` «17. ԲՈԿ-ի նախագահը` 1) պատասխանատու է ԲՈԿ-ի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար, 2) առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր»: Այսինքն, ԲՈԿ-ի կանոնադրությունը հենց նախագահին է տալիս իրավունք հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից: Նույնը նախատեսված է նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 2-րդ մասում, ըստ որի` «Բարձրագույն որակավորման կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը»:

Եթե շարժվենք Բողոքաբերի տրամաբանությամբ, որը, իհարկե, անհիմն է, ապա պետք է փաստել, որ ԿԳՄՍ նախարարությունը նույնպես կոլեգիալ վարչական մարմին է, քանի որ վերջինիս կանոնադրության 6-րդ կետը նույնպես նշում է, որ «Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար), նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալների, նախարարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, գրասենյակները»: Տվյալ դեպքում, վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով, ինչպես նաև ԲՈԿ-ի կանոնադրությամբ վերջինիս առջև դրված խնդիրներից բխող անհրաժեշտությունը։

Սույն վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի՝ ԿԳՄՍ նախարարի կողմից ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտության վերաբերյալ

11․1․«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն վարույթի մասնակիցները կարող են գրավոր բացարկ հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելիս` կոլեգիալ կազմի ցանկացած անդամի, եթե`

ա) առկա է սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը,

բ) մինչև գործի քննարկման ավարտը, տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը հրապարակայնորեն արտահայտվել է գործի հնարավոր ելքի մասին կամ գնահատական է տվել գործի փաստական հանգամանքներին կամ, մինչև ապացույցների հետազոտումը, կանխավ գնահատական է տվել դրանցից որևէ մեկին,

գ) տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը երբևէ գործել է ի շահ վարույթի մասնակիցներից որևէ մեկի,

դ) առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի ելքով` տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ:

11․2․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սույն օրենքի 24-րդ հոդվածով և 25-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմքի առկայության դեպքում վարչական մարմնի ղեկավարը, վարչական վարույթ իրականացնող պաշտոնատար անձը (եթե վարչական վարույթն իրականացնում է կոլեգիալ մարմինը, ապա կոլեգիալ մարմնի անդամը) պարտավոր է անհապաղ ինքնաբացարկ հայտնել:

11.3․ Ստորև ներկայացնում ենք այն հանգամանքները, որոնց առկայությունն առնվազն կասկած է հարուցում սույն գործի առնչությամբ ԿԳՄՍ նախարարի անաչառության նկատմամբ։ Այսպես.

Նախարարի կողմից 27․07․2020թ․ Կոմիտեի նախագահին է ուղղվել գրություն, որում տեղ են գտել հետևյալ դատողությունները․

«Միաժամանակ, 19.02.2020թ. դրությամբ ԲՈԿ-ը ունեցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 29.08.2019թ. N 575-Ա/2 հրամանով ստեղծված Գ. Գալստյանի և 15.08.2019թ. N 449-Ա հրամանով ստեղծված Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունների վերաբերյալ բողոքն ուսումնասիրած հանձնաժողովների եզրակացությունները և չի ընդունել վերջիններիս նկատմամբ նման բնույթի վարչական վարույթի հարուցման որոշումներ՝ խախտելով վարչարարության` հայեցողական լիազորությունների սահմանափակման և կամայականության արգելքի սկզբունքները»:

«․․․Դուք պարտավոր էիք կասեցնել բողոքարկվող գործողությունը, մինչև վերադասության կարգով բողոքի քննարկման արդյունքում վերադաս վարչական մարմնի կողմից որոշում կայացնելը, սակայն Դուք 17.07.2020թ. N 107-Ա հրամանով, անտեսելով օրենքի պահանջը, անվավեր եք ճանաչել ՀՀ ԿԳՆ ԲՈՀ 17.02.2015թ. N 5Ա-Վ2 հրամանը»:

11.4․ Փաստորեն, նախարարը մինչև սույն բողոքարկման վարույթի ավարտը գնահատական է տվել գործի փաստական հանգամանքներին։ Ընդ որում, ոչ միայն գնահատական է տվել, այլ նաև Կոմիտեի նախագահին ուղղակիորեն մեղադրել է վարչարարության մի շարք սկզբունքների խախտման և օրենքի պահանջն անտեսելու մեջ։ Հատկանշական է նաև, որ նախարարի այդ դիրքորոշումը բողոքաբերի կողմից ներկայացված բողոքում տեղ գտած մտքերի ուղղակի կրկնությունն է։ Նշենք նաև, որ մինչև սույն վարույթի ավարտը նախարարի կողմից գործի փաստական հանգամանքներին տրված գնահատականը կատարվել է հրապարակայնորեն, քանի որ նախարարի 27․07․2020թ․ գրությունը հասանելի է եղել ԿԳՄՍ նախարարության մի շարք աշխատակիցների՝ մասնավորաբար.

  1. Արսեն Բաղդասարյանին,
  2. Նաիրի Հարությունյանին,
  3. Գյուլնարա Հովհաննիսյանին,
  4. Սոնա Սարգսյանին։

11.5․ Բացի այդ, սույն վարույթը չի կարող համապատասխանել անաչառության՝ օրենքով ներկայացվող պահանջին, նաև հետևյալ պատճառաբանությամբ․

Նախարարի թե՛ 20․07․2020թ․, թե՛ 23․07․2020թ․ հրամաններով հանձնարարվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանին իրականացնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական վարույթի փուլերին ներկայացվող անհրաժեշտ գործողությունները: Լուսինե Գրիգորյանը ևս, մինչև սույն գործի քննարկման ավարտը, հրապարակայնորեն արտահայտվել է գործի փաստական հանգամանքների մասին։ Օրինակ՝ Լուսինե Գրիգորյանը hraparak.am կայքին 20․07․2020թ․ հայտնել է հետևյալը.

«Հուլիսի 15-ին Դիանա Գալոյանը բողոքարկել էր ԲՈԿ-ի նախագահի հրամանը, որով նա ձեռնարկել էր Դիանա Գալոյանին գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցել։ Գալոյանը ներկայացրել է վարչական բողոք, և այդ կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի համաձայն վարույթը կասեցվել է, հետևաբար՝ ԲՈԿ-ը չէր կարող այդ մասով որոշում կայացնել, քանի դեռ նախարարությունում վարչական բողոք կա»։

Hraparak.am-ի հարցին, թե այսինքն՝ ԲՈԿ-ի որոշումը առոչի՞նչ է, Լուսինե Գրիգորյանը պատասխանել է․

«Այս պահին՝ այո, այն առումով, որ կասեցված վարչական վարույթ է եղել, բայց ԲՈԿ-ը ակտ է հրապարակել։ Միաժամանակ նաև հաշվի առնելով, որ գիտական աստիճանները շնորհում են մասնագիտական խորհուրդները, հետևաբար՝ մասնագիտական խորհուրդները, եթե օրենսդրությամբ նախատեսված կա, կարող են մարդուն զրկել գիտական աստիճանից։ ԲՈԿ-ը միայն վկայագրերով հաստատում կամ չի հաստատում մասնագիտական խորհուրդների շնորհած գիտական աստիճանները»:

11․6․ Այսպիսով, ոչ միայն սույն վարչական վարույթն իրականացնող անձի գործողություններն են խնդրահարույց վարչական վարույթի անաչառության ապահովման տեսանկյունից, այլ նաև սույն վարչական վարույթի փուլերին ներկայացվող անհրաժեշտ գործողություններն են կատարվել ոչ անաչառ անձի կողմից, ինչը ևս կասկածի տակ է դնում ողջ վարույթի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը։

11․7․ Վերը նշվածից ակնհայտ է, որ․

– Նախարարի կողմից չի կարող ապահովվել սույն վարչական վարույթի անաչառությունը,

– Առկա է նախարարի կողմից ինքնաբացարկ հայտնելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի Բ կետով սահմանված հիմքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս