Դուդուկահար Ջիվան Գասպարյան-կրտսերը նախատեսում է առցանց համերգներ իրականացնել
Դուդուկահար Ջիվան Գասպարյանկրտսերը կորոնավիրուսի տարածման ընթացքում իրավիճակին համապատասխան ծրագրեր է իրականացնելու: Նա նախատեսում է կազմակերպել առցանց բարեգործական համերգային ծրագրեր:
«Այս ընթացքում ես գտնվել եմ Հայաստանում և ստեղծված իրավիճակին համապատասխան լուծումներ փնտրել: Նոր գաղափարներ կան, որոնք արդեն իրագործման փուլում են: Առաջիկայում նախատեսվում է առցանց համերգների հետաքրքիր բարեգործական ծրագիր: Այդ նպատակով մեր տանը համապատասխան հարթակ ենք պատրաստել: Տարբեր երգիչներ և երաժիշտներ համերգներ կունենան, որոշ դեպքերում կլինեն ուղիղ եթերներ, որոշ դեպքերում համերգը նախապես կնկարահանենք և կտեղադրենք համացանցում: Դիտումների համար նախատեսված կլինի սիմվոլիկ գումար, օրինակ՝ 500 դրամ: Հավաքված գումարը որոշել ենք երկու ուղղությամբ բաշխել՝ բանակի համար, մեր հերոս տղերքի համար ինչ-որ բանով օգտակար լինել և մեր այն արվեստագետ գործընկներների համար, որոնք, համավարակով պայմանավորված, զրկվել են աշխատանքից և ֆինանսական խնդիրներ ունեն: Կարելի է ասել հաճելին օգտակարի հետ համատեղելու մի ձև ենք գտել, քանի որ, համավարակով պայմանավորված, գուցե դեռ երկար ժամանակ համերգներ չիրականացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Ջիվան Գասպարյանկրտսերը:
Համերգային ծրագիրը լինելու է բազմաբովանդակ, կներառվեն տարբեր ոճի կատարողներ, խմբեր և երաժիշտներ:
Բացի այս ծրագրից, Ջիվան Գասպարյանկրտսերն այս ընթացքում կրկին առցանց տարբերակով տարբեր երկրների երաժիշտների հետ է համագործակցել, ներկայացրել է նոր աշխատաքներ: Նա ընգրկված է համաշխարհային երաժշտական առցանց Beyond Music Project-ում, որտեղ տարբեր երկրներ ներկայացնող մասնակցիները ծանոթանում են իրար հետ և ստեղծում նոր գործեր: Երաժիշտը նաև ծիրանի փայտից պատրաստված դուդուկի նման փոքր USB ֆլեշ կրիչներ է ստեղծել, որոնք հուշանվերներ կարող են հանդիսանալ. այնտեղ զետեղված են իր կատարումները, և մարդիկ կարող են ծանոթանալ մեր հայկական երաժշտությանը: