«Միանշանակ համոզված եմ, որ առաջիկայում լինելու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ». Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման վերաբերյալ խոսակցություններին։
Նրա խոսքով՝ այդ հանդիպման հետ կապված բոլոր խոսակցություններն արդեն հերքվել են. «Սակայն չեմ բացառում, որ առաջիկայում կլինեն հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի, անհատների հետ, այդ թվում՝ կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր ուժերի և քաղաքականության մեջ գտնվող անձանց հետ»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանն այսօր հրավիրվել էր ԱԱԾ՝ իր պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ նախկին աշխատակցին աշխատանքում վերականագնելու վերաբերյալ բացատրություն տալու նպատակով։
Անդրադառնալով վերջերս երեք հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետին, որ չի բացառվում, որ ժողովրդը ոտքի կանգնի և փողոցները փակելու ճանապարհով այս անգամ էլ պահանջի ներկայիս իշխանությունների հրաժարականը, Արթուր Վանեցյանն ասաց.
«Միանշանակ համոզված եմ, որ առաջիկայում լինելու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ, լինելու են շատ ակտիվ քաղաքական պրոցեսներ, որի ընթացքում մենք կտեսնենք այն զարգացումները , որը կլինի։ Իրականում երկիրը գտնվում է շատ բարդ իրավիճակում, իշխանությունները ձախողել են բոլոր ուղղություններով, մենք կանգնած ենք առողջապահական և տնտեսական ճգնաժամի առջև։ Այսօր այս խնդիրները լուծելու փոխարեն, իշխանությունները իրենց քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու գործով են զբաղված»,-շեշտեց Արթուր Վանեցյանը։
Ինչ վերաբերում է ԱԱԾ հրավիրելու գործի շրջանակներում իրեն ձերբակալելու հիմքերին, Արթուր Վանեցյանը շեշտեց՝ նույնիսկ այդ գործով իրեն հարցաքննելու հիմքեր չկան, ուր մնաց կալանավորելու։