«Ակնհայտ է, որ այս զորավարժությունը որոշակի մեսիջ է՝ ուղղված ՀՀ-ին». Փորձագետ

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները պլանային զորավարժություններ են, դրանք մի փոքր էլ ուշացել են, քանի որ սովորաբար անցկացվում են մայիս-հունիս ամիսներին։

«Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ կապված համավարակի հետ՝ ընդհանրապես զորավարժություններ կարծես թե չպետք է տեղի ունենային, կամ պետք է տեղի ունենային շատ ավելի ուշ, քանի որ Ադրբեջանը ևս գտնվում է խիստ կարանտինային ռեժիմում։ Որպես կանոն՝ նախորդ տարիներին զորավարժություններն ընթացել են միայն Նախիջևանում, սակայն այս անգամ դրանք ավելի ընդգրկուն են դարձել և ընդգրկել են Ադրբեջանի տարածքները, այդ թվում՝ Արցախի Հանրապետության սահմանակից Եվլախը։

Այս զորավարժություններում սա կարծես թե նորություն էր։ Եթե Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, ապա այն եղել է եռակողմ և ընդգրկված է եղել նաև վրացական կամ թեկուզ պաղեստինյան կողմը։ Այսինքն՝ մշտապես եղել է եռակողմ, որի առավելությունը կամ, այսպես ասած, նպատակայնությունն այն է, որ ուղղված չէ ՀՀ-ին կամ կոնկրետ չի հասցեավորվել։ Սա արդեն չի չեզոքացվում, և ակնհայտ է, որ այս զորավարժությունը որոշակի մեսիջ է՝ ուղղված ՀՀ-ին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Հովհաննիսյանը։

Նա նաև հավելեց, որ զորավարժությունը տարբերվում է նաև նրանով, որ առաջին անգամ, թերևս, Նախիջևանում վայրէջք կատարեց թուրքական ռազմական ինքնաթիռ՝ բեռնված զինտեխնիկայով, անձնակազմով։ Նախկինում, որպես կանոն, այդ զինտեխնիկան և անձնակազմը մշտապես տեղափոխվել է ցամաքային ճանապարհով։

«Այս զորավարժությանը, ինչպես նախորդ տարվա զորավարժություններին ընդգրկված են Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատները։ Ընդհանուր առմամբ այս ամենն էր կարևոր շեշտադրումներն այս զորավարժությունների ժամանակ»,- շեշտեց փորձագետը։

Կարեն Հովհաննիսյանը նաև նկատեց՝ Նախիջևանում մի կողմից՝ բախվում են Թուրքիայի և Ադրբեջանի, մյուս կողմից՝ Իրանի, Ռուսաստանի և Հայաստանի շահերը, ինչը կարծես թե  դառնում է սառը պատերազմի կամ հարաբերությունների պատճառ։

«Մյուս կողմից էլ՝ նկատենք, որ Թուրքիան Նախիջևանը դարձրել է ռազմաբազա բաց երկնքի տակ, և յուրաքանչյուր զորավարժությունից հետո պարտադիր որոշակի քանակությամբ զինտեխնիկա է թողնում Նախիջևանի տարածքում։ Սա միանշանակ դուր չի գալիս Ռուսաստանին, և անընդհատ տարբեր առիթներով որոշակի շեշտադրումներ լինում են Նախիջևանի հետ կապված։ Անընդհատ խոսվում է, որ չպետք է որևէ վտանգ սպասել Նախիջևանից, որը կարող է վնասել Ռուսաստանին։ Ռուսաստանն անընդհատ այս թեման արդիական է պահում»,- նշեց Կ. Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ թեև այդ զորավարժությունները վտանգավոր չեն Ռուսաստանի, Հայաստանի կամ Իրանի համար, սակայն այն մեսիջ է, որ այդ տարածքում իրականում գործ ունի Թուրքիան, որի նկրտումները շատ ավելի հեռուն են գնում, քան կարող են ենթադրել կարճ ժամանակահատվածի համար։

«Թուրքիան նպատակ ունի Նախիջևանի տարածքն իրենով անել, ինչն իսկապես դուր չի գալիս Ադրբեջանի իշխանություններին, և վերջինիս կողմից փորձ է արվում չեզոքացնել այդ վտանգը։ Թուրքիան փորձում է որոշակի երկխոսության դեպքում  այդ գործարքն իրականություն դարձնել, մյուս կողմից էլ՝ եթե նման բան տեղի ունենա, ապա տեղի կունենան ռազմական բախումներ, որի հեղինակը կլինի ոչ թե Հայաստանը, այլ միանշանակ կլինեն Ռուսաստանը և Իրանը։

Այս պահին քիչ հավանական եմ համարում, որ Նախիջևանի կողմից լինեն սադրանքներ, սակայն մենք գիտենք՝ ում հետ գործ ունենք»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվելու են  թուրք-ադրբեջանական համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ:

Զորավարժությունների ընթացքում կօգտագործվեն զրահատեխնիկա, հրետանային համակարգ, ականանետ, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև՝ կմասնակցեն  երկու երկրների զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:

Տեսանյութեր

Լրահոս