Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 300 հազարի
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 300 հազարի: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:
IRINN հեռուստաալիքի եթերում առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ անցած 24 ժամվա ընթացքում հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 2636 նոր դեպք, մահացել է 196 մարդ:
Վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին երկրում COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին, հասել է 298 հազար 909-ի, մահացել է 16 հազար 343 մարդ:
Միեւնույն ժամանակ ներկայում ապաքինվածների թիվը հասել է առնվազն 259 հազար 116-ի: Հուլիս ամսվա ընթացքում Իրանը հինգ անգամ նորացրել է կորոնավիրուսի զոհերի հակառեկորդը: Ներկայում առավելագույն ցուցանիշը՝ 235 զոհ մեկ օրում, գրանցվել է հուլիսի 28-ին:
Համաճարակաբանական իրադրության վատթարացման կապակցությամբ իշխանությունները հուլիսի 5-ից սահմանել են դիմակների պարտադիր կրում երկրի անբարենպաստ շրջաններում, հասարակական վայրերում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը վերապարում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որն սկսվել հունիսի կեսերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: