Թուրքիայի վտանգավոր խաղն Արցախյան կարգավորման գործընթացում․ Ռուսաստանը շարունակում է աշխատել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցն Արցախյան հիմնահարցի կարգավորման թեմայով շարունակում է լայնորեն քննարկվել փորձագիտական շրջանակներում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում կարևորել էր լարվածության աճը խթանող ցանկացած գործողության անթույլատրելիությունը: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ «երկու կողմերն էլ շահագրգռվածություն են հայտնել կոնֆլիկտային իրավիճակը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով»:

«Նրանք պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը տարածաշրջանի կայունացման նպատակով: Ղեկավարները նաև նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա և ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, այլընտրանք չունի»,- նշված էր հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Սրան զուգահեռ՝ նախօրեին մամուլում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով հանդիպում կարող է տեղի ունենալ աշնան սկզբին, եթե թույլ տան երկու երկրների հարաբերություններում ստեղծված իրավիճակն ու համավարակի դինամիկան։

Մի շարք վերլուծաբաններ մտավախություն են հայտնում, որ այս թեմայով Պուտին-Էրդողան շփումները կարող են շարունակվել՝ Մինսկի խմբին զուգահեռ հիմնահարցի քննարկման նոր հարթակ ձևավորելով, ինչին էլ ըստ էության մշտապես ձգտել են Ադրբեջանի իշխանությունները՝ տասնամյակներ շարունակ վարկաբեկելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, համանախագահների աշխատանքն ու սպառնալով լքել այս հարթակը։

Վերջերս 168am-ի հետ զրույցում ռուս հեղինակավոր վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ըստ էության չէր բացառել այս ձևաչափով քննարկումները՝ որպես փաստարկ նշելով հակամարտող կողմերի դիրքորոշումները։ Նա նշել էր, թե հասկանալի չէ՝ համանախագահ որ երկիրը կկարողանա ՄԽ շրջանակում մոտեցնել կողմերի ներկայումս կարծրացած դիրքորոշումները և ներկայացվող պայմանները։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ այս թեմայով շփումներ կարող են լինել այնքան, որքան Անկարան դրա նախաձեռնությունը ցույց կտա։ Սակայն, նրա խոսքով, Մոսկվայի կողմից նկատելի չէ որևէ շահագրգռություն՝ գործընթացը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակից։

«Կան մի շարք իրողություններ, որոնք տրամաբանական և անհրաժեշտ են դարձնում այս թեմայով Էրդողանի հետ շփումը, բայց դա չի նշանակում ամենևին կարգավորման ձևաչափի փոփոխություն։ Այդ իրողություններից առաջինն այն է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն կայուն երկխոսություն մի շարք հարցերով, որոնցից ներկայումս ամենաակտիվը Սիրիան ու Լիբիան են։ Այստեղ Ռուսաստանն ու Թուրքիան ոչ միայն խնդիրներ ունեն միմյանց հետ և առճակատման մեջ են, այլև լինում են պահեր, երբ համագործակցում են և առանց միմյանց հետ շփվելու՝ նրանք հասկանում են, որ չեն կարող կարգավորել շատ հարցեր։

Մյուս իրողությունն այն է, որ Ադրբեջանի դաշնակիցը Թուրքիան է, որը, այսպես թե այնպես, բարդ փուլերում սկսում է ներքաշվել այս հակամարտությունում, քանի որ Թուրքիայի ներկայությունը՝ դիվանագիտական, ռազմաքաղաքական, ձեռնտու է Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը կարող է քննարկել համանախագահ երկրների, ազդեցություն ունեցող, կայունացնող կամ ապակայունացնող բոլոր երկրների հետ, և Թուրքիան այսօր ներքաշված է մի շարք հարցերում, անկախ այն հանգամանքից՝ դա գոհացնո՞ւմ է մեզ, թե՞ ոչ, բայց դա այդպես է, և շփման հնարավորությունը տավուշյան սրացումից հետո, կարծում եմ, դրական էր նաև զսպման տեսանկյունից։

Բայց ռուսական կողմն ԱԳՆ-ի մակարդակով կենտրոնացած է, որպեսզի տեղի ունենա հերթական հանդիպումը, և պատահական չէ, որ տվյալ տեղեկությունը հայտնեց հենց ռուսական մամուլը, այսինքն՝ Ռուսաստանին ձեռնտու չէ պատերազմ, և դա կանխելու համար ցանկացած շփում կարող է լինել, հատկապես, երբ Թուրքիան փորձում է դերակատարություն ստանձնել կամ փորձում ցույց տալ, որ պատրաստ է դա անել։

Անձամբ ես այն կարծիքին եմ, որ Թուրքիան առավելապես ձգտում է համագործակցել Ռուսաստանի հետ այս հարցով և Ադրբեջանին ցույց տալ, որ աջակցում է, գուցեև փորձի ավելի ակտիվորեն քննարկել հարցն այս ձևաչափով՝ առանց արևմտյան միջնորդների, ինչը, կարծում եմ, ապարդյուն փորձ կլինի»,- ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական զորավարժություններին, որոնք տևելու են 10 օր, Լուկիանովն ասաց, որ դրանք մշտապես անցկացվում են, անցկացվում են նաև ավելի լայն պլատֆորմով՝ Վրաստանի մասնակցությամբ։

«Այս անգամ ժամանակացույցը, կարծում եմ, հատուկ ընտրված է տավուշյան իրադարձություններից հետո ճնշումը մեծացնելու նպատակով, միայն այսքանը, և ցույց տալու թուրք-ադրբեջանական դաշինքի հզորությունը: Բնականաբար, այս ֆոնին հայ-ռուսական հարաբերությունների կայունությունն էլ ավելի կարևոր է դառնում, քանի որ Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը»,- ասաց Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս