Իշխանությանը չի՛ հաջողվելու ԲՀԿ-ն կազմաքանդել. այնտեղ մարդ կա՝ ում բանական կյանքից, «Բարգավաճ Հայաստան»-ն ավելի երկար կյանք ունի

Այսօր մամուլում հրապարակումներ եղան, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրն Առինջի իր տան բակում խմբակցության նիստ է արել, կուսակիցներին հորդորել է թայմ-աութ վերցնել, գնալ հանգստի և չմեկնաբանել Սերգեյ Բագրատյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալը:

168.am-ը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք խմբակցության նիստ հրավիրվե՞լ է, եթե այո, ապա ի՞նչ հարցերի են անդրադարձել:

«Միշտ էլ արձակուրդից առաջ պարոն Ծառուկյանը կազմակերպում է հավաք՝ մեր ընթացիկ անելիքները որոշելու, քննարկելու համար, որևէ արտառոց բան չի եղել»:

Պետրոսյանն անդրադարձավ նաև Սերգեյ Բագրատյանի ԲՀԿ-ից դուրս գալուն. «Մենք ոչ մեկս «բագրատյանացավով» չենք տառապում, հիմա մարդ է՝ այդպես է որոշել, մենք ո՛չ վիրավորում ենք, ո՛չ հետևից խոսում ենք, ինքն իր իրավունքն է իրականացրել, Աստված իր հետ, ամեն մարդ ինքն է որոշում իր անելիքը, իհարկե, ցանկալի չէ, որ խմբակցությունը լքեն առանց պատճառների։ Պարզապես Բագրատյանը բարոյապես պարտավոր էր մի հարցազրույց տար, թե ո՞րն է իր շարժառիթը, կամ գոնե հարցազրույց տա, ասի, որ իմ նախկին գործընկերներին մի՛ ծանրաբեռնեք իմ անձի հետ կապված հարցերով»:

Դիտարկմանը, որ մամուլը նաև գրել է, որ քաղաքական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է, թե Սերգեյ Բագրատյանը վերջինը չէ, որ լքում է հարազատ խմբակցությունը, և որ առաջիկայում խմբակցությունում սպասվում են նոր ու տհաճ անակնկալներ, այնտեղ նաև նշվում է Ձեր անունը, Պետրոսյանն ասաց.

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ չկա՛ նման բան, դա ապատեղեկատվություն է, իմ ու Ծառուկյանի հարաբերությունները գերազանց վիճակում են, ես իմ խմբակցությունից հեռանալու որևէ հիմք, ցանկություն չունեմ: Որոշ մարդիկ պարզապես անցել են ստոր տեխնոլոգիաների, և չեմ հասկանում, թե իշխանությունն ինչի՞ց է վախեցած, որ այսպիսի բաների է գնում: Իրենք 88 հոգի են՝ գումարած խմբակցությունները լքած պատգամավորները՝ 2-3 հոգի, հիմա ինչի՞ց են վախենում, մենք 24 հոգի ենք: Եթե ուզում են կազմաքանդել «Բարգավաճ Հայաստանը», դա իրենց չի հաջողվելու, որովհետև այնտեղ մարդ կա՝ ում բանական կյանքից, «Բարգավաճ Հայաստան»-ն ավելի երկար կյանք ունի, հիմա ո՞նց են որոշել, որ արհեստական ինտրիգներ հարուցելով՝ կարող են կուսակցություն կազմալուծել: Կուսակցությունում ամեն ինչ նորմալ է, եթե ինչ-որ մարդիկ կան, որոնք իրենց հոգու խորքում նման նպատակ ունեն, դա իրենց խնդիրն է, բայց այս պահի դրությամբ ինձ հայտնի չէ որևէ այլ պատգամավոր, որը մտադիր է լքել կուսակցությունը: Չեմ կարող ասել, թե ընթացքում ինչ կարող է լինել, ամեն մարդ իր տեղն է պատասխանատու, բայց վերջին նիստն անցել է շատ համերաշխ մթնոլորտում, պարզապես քննարկվել են ընթացիկ հարցեր։ Պարոն Ծառուկյանը մեզ հորդորել է, որ ոչ թե թաքնվենք, պարզապես օգտվենք մեր հանգստի իրավունքից և մի քանի օր թայմ–աութ վերցնենք»:

Պետրոսյանը զրույցի վերջում նշեց, որ իրենց համար միշտ էլ կարևոր է եղել երկրի արտաքին անվտանգության շահը, քան ներքաղաքական խնդիրները.

«Հաշվի առնելով նաև սահմանային լարվածությունը, որոշել ենք մի փոքր դադար վերցնել, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը հրաժարվել է որևէ դիրքորոշումից, արտահայտությունից, հայտարարությունից»:

Տեսանյութեր

Լրահոս