Բաժիններ՝

Հայկ Սարգսյանը տուգանվել է դիմակ չկրելու համար. Նա պարզաբանում է ներկայացրել երեկույթի առնչությամբ

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը տուգանվել է հասարակական վայրում դիմակ չկրելու համար: Այս մասին Սարգսյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում՝ պարզաբանում ներկայացնելով Սևանա լճի ափին տեղի ունեցած երեկույթի վերաբերյալ:

«Արդեն երկար ժամանակ է որոշ քաղաքական ուժեր և նրանց պատվերը կատարող լրատվամիջոցներ ջանում են կադր որսալ, որտեղ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը կլինի առանց դիմակի։ Ամիսներ շարունակ հետևելուց հետո, երեկ ինձ Սևանի լողափերից մեկում նկարել են առանց դիմակի և դա էլ ավելի վատ ֆոնի վրա ներկայացնելու համար նշել են, թե իբրև այդ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ խախտելով հակահամաճարակային կանոնները։

Ես արձակուրդում եմ և երեկ երեկոյան եղել եմ հիշյալ լողափում, նաև մի պահ դիմակ չեմ կրել»,- գրել է Սարգսյանը:

Պատգամավորը ներողություն է խնդրել միջոցառմանը ներկա գտնվելու և այդ ընթացքում դիմակ չկրելու համար։

«Հայտնի է, որ ինքս եմ բազմիցս հանդես եկել դիմակ կրելու կոչով, թեպետ երեկ անզգուշությամբ մի պահ դիմակ չեմ կրել»,- գրել է նա:

Անդրադառնալով այն լուրերին, թե լողափի հանգստյան գոտին պատկանում է իրեն կամ միջոցառումը ինքն է կազմակերպել, պատգամավորը նշել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։

«Ոստիկանության ներկայացուցիչներն այսօր արձանագրություն կազմեցին և ես, ինչպես նաև երեկոյին մասնակցած մեր այլ քաղաքացիներ, դիմակ չկրելու համար տուգանվեցինք։

Ներողություն եմ խնդրում նաև Պարետատնից և մեր քաղաքական թիմից՝ անզգուշությամբ այսպիսի մեծ և անհարկի աղմուկի առիթ տալու համար»,- գրել է Հայկ Սարգսյանը:

Արդեն երկար ժամանակ է որոշ քաղաքական ուժեր և նրանց պատվերը կատարող լրատվամիջոցներ ջանում են կադր որսալ, որտեղ…

Gepostet von Hayk Sargsyan / Հայկ Սարգսյան am Montag, 27. Juli 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս