«Անհրաժեշտության դեպքում ԱԳՆ-ն կարձագանքի». Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրղների հետ հանդիպմանն անդրադարձավ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի ներկայացրած հակահայկական բանաձևին։
«Ըստ որոշ մեկնաբանությունների՝ այս բանաձևն ընկալվում է Ռուսաստանի դեմ ուղղված բանաձև։ Գիտեք, որ նախնական տարբերակում նշված են եղել մի քանի պետություններ, վերջին պահին, կարծում եմ՝ Տավուշի դեպքերի հետ կապված ադրբեջանական լոբբինգի հետ կապված՝ Ադրբեջանի անունը ներառվել է բանաձևում, որն իր մեջ ներառում է նաև մեր շահերից չբխող շեշտադրումներ։ Բարդ բանաձև է, որի կապակցությամբ թե՛ Հայ Դատը, թե՛ մնացածը մեծ աշխատանք են կատարում։ Ներկայացուցիչների Պալատն արդեն ընդունել է բանաձևը, տեսնենք, թե այն ինչ զարգացում կունենա Սենատում»,- նշեց Լիլիթ Մակունցը։
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ Ադրբեջանի անունը բանաձևում ներառելու համար Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսել, արդյո՞ք այս ամենին ՀՀ արտգործնախարարությունն արձագանքել է, Լիլիթ Մակունցն ասաց, որ տեղյակ չէ։
«Միացյալ Նահանգներում լոբբիստական կառույցներն աշխատում են որոշակի սկզբունքներով ու օրենքներով։ Ինքս չեմ կարող մեկնաբանություններ անել և ասել, թե ինչ սկզբունքով են այդ ամենն արել։ Կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում Արտգործնախարարությունը կարձագանքի»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձև է ներառել 2021թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում, որտեղ կան հետևյալ ձևակերպումները. «…պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին է ներկայացնում զեկույց Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ: Զեկույցը պետք է պարունակի հետևյալի գնահատումը։ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի այն քաղաքացիների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահանվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից: Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի` օտարերկրյա զորքերի կողմից ապօրինի գրավյալ շրջաններում սպանված քաղաքացիների թիվը, 1991 թվականից ի վեր:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում