
Հնդկաստանի արևելքում ավելի քան 100 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

Հնդկաստանի արեւեքում եւ հյուսիս – արեւելքում անցած օրը հեղեղումներից զոհվածների թիվն ավելացել է 10-ով եւ հասել 110-ի: Հուլիսի 27-ին այդ մասին հաղորդել է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով երկրի արտակարգ ծառայությունները:
Ասամի հյուսիս – արեւելյան նահահանգի տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի վարչության տվյալներով՝ տարածաշրջանում մուսոնային անձրեւների հետեւանքով Բրահմապուտրա գետի վարարման հարուցած հեղեղումների պատճառով տարածաշրջանում մեկ օրում զոհվել է երեք բնակիչ:
Հուլիսի սկզբից ի վեր այնտեղ զոհվածների ընդհանուր թիվը հասել է 103-ի:
Այդ ժամանակամիջոցում Ասամում տարերքի հարվածից տուժածների քանակը հասել է 2,5 միլիոնի: Հեղեղումները վնաս են պատճառել 2 265 գյուղական բնակավայրերի նահանգի 33 շրջաններից 23-ում:
Հարյուր հազարավոր մարդիկ են տարահանվել հեղեղների գոտուց եւ տեղավորվել 457 ժամանակավոր ճամբարներում: Բիհարի արեւելյան նահանգում շարունակվում է Գանգես գետի վարարումը: Վերջին 24 ժամում հեղեղներն այնտեղ հանգեցրել են յոթ մարդու մահվան:
Հուլիսին Բիհարում հեղեղներից տուժածների ընդհանուր թիվը հասել է 1,5 միլիոնի: Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները մարդասիրական օգնություն են տեղ հասցնում նահանգի տուժած շրջանների բնակիչներին: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հուլիսի 26-ին ազգին հղած ուղերձում ընդգծել է, որ երկրի կառավարությունն Ասամի եւ Բիհարի բնակչությանն օգանում է բոլոր առկա միջոցներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: