«Օր է լինում՝ երեխեքս սոված են մնում, բայց ձայն չեն հանում». միայնակ մայրն օգնություն է խնդրում
Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդ համայնքի բնակիչ Համեստ Հախումյանը շուրջ 20 տարի ապրում է կիսակառույց և խոնավ տանը, որն իրեն էլ չի պատկանում: 168.am-ի հետ զրույցում Համեստը ներկայացրեց այն դժվարությունները, որոնց միջով ստիպված անցնում է իր երեխաների հետ:
«Ամբողջ օրն անձրևաջրերը տան մեջ են, չգիտեմ՝ ո՞ւր գնամ, ո՞ւմ դիմեմ, ի՞նչ անեմ, երեխաներիս ո՞նց մեծացնեմ խոնավ տան մեջ: Ամեն մեկը մի խնդիր ունի այս խոնավության պատճառով: Մեկը թոքաբորբ է, մյուսը ոտքի խնդիր ունի, չգիտեմ՝ ինչ անեմ: Տան պատուհաններն ամբողջովին կոտրված են, հատակը՝ լրիվ բետոն, ամբողջ օրը փեչ ենք վառում, հենց մի հատ քամի կամ անձրև է գալիս, փեչը վառում ենք, ամբողջ ծուխը տուն է լցվում, մրի ու կեղտի մեջ կորում ենք: Շատ տեղեր եմ դիմել… Կցանկանայի՝ մի բարերար ինձ օգներ, այս վիճակից դուրս գայինք»,- ասաց նա:
Համեստն ունի 4 երեխա՝ 1 աղջիկ և 3 տղա: Աղջկան ամուսնացրել է, մեծ տղան վերջերս է զորացրվել, մյուս որդին 16 տարեկան է, իսկ կրտսերը՝ 9:
«Զինվոր եմ ունեցել, Թալիշում է ծառայել, սրտից խնդիր է ունեցել, մյուս տղաս էլ նախազորակոչ է, պետք է գնա, ծառայի: Ոտքը պետք է վիրահատեն, խնդիր ունի, զինկոմիսարիատում են ասել: Պուճուր երեխաս 9 տարեկան է, իր հայրիկին չի ճանաչում, հայրը գնացել է ՌԴ, որ գա՝ տուն առնենք, բայց անվերադարձ գնացել է, արդեն 9 տարի: Հարևանի ամուսինը Ռուսաստանից գալիս է, երեխես ասում է՝ մամա ջան, էս ինչ ձաձան գալիս է, էն ինչ ձաձան գալիս է, նայում է աչքերիս, ու արցունքներն աչքերիս են հայտնվում, որ իր հայրը չկա: Նույն տղաս այս խոնավ տան մեջ արդեն 5-6 անգամ թոքաբորբով հիվանդացել է»,- ասաց նա:
Միայնակ մոր խոսքով՝ տան հարցով դիմել է և՛ համայնքապետարան, և՛ մարզպետարան, խոստացել են օգնել, բայց մինչ օրս որևէ արձագանք չկա. «Մարզպետարան դիմել եմ, ասել են՝ կօգնեն, քաղաքապետարանը գումարով, սնունդով մի քիչ օգնել է, բայց ինձ տուն է պետք: Ես էլ հիվանդ հալիս, որտեղ լսում եմ գործ կա՝ աման լվանալ է, տուն մաքրել է, գնում աշխատում եմ, օրը 2000 դրամ է: 30.000 դրամ էլ «Փարոս» եմ ստանում, այնքան պարտքեր ունեմ՝ էլ ասելու չի, անընդհատ պարտքատերերը զանգում են՝ Համեստ ջան, ե՞րբ պետք է բերես: Այդ 30 հազարով ես պարտք տամ, երեխա պահեմ… Թեկուզ ինձ օգնեն՝ վարձով գնամ ապրեմ, թե չէ 6 ամիսը մեկ ասում են՝ արի քաղաքապետարան, 10-15 հազար դրամ օգնություն տանք, դրանով ես ո՞ր մի հարցը լուծեմ: Երեխա են՝ ուտել են ուզում, հագնել են ուզում, հիվանդանում են, հես ա ձմեռն էլ եկավ, ո՛չ վառելիք ունեմ, ո՛չ գազ կա, ո՛չ ջուր կա, չգիտես՝ ինչ անես»:
Համեստի խոսքով՝ կիսակառույց տանն անգամ տարրական պայմաններ չկան. «Չգիտես՝ խոհանոցը ո՞րն է, բաղնիքը ո՞րն է, քնելու տեղ չունենք, հարմարություն չկա այս տանը, ինչ էլ որ կա, բոլորը տանտիրոջն են: Անձրևը գալիս է, երեխաներս վախենում են կայծակից, ասում են՝ կարո՞ղ է պատուհանը կոտրի քամին: Աստիճանը կոտրվել է, երեխեն քար է դրել տակը, որ կարողանանք բարձրանանք վերև: Անձրևը գալիս է, ամբողջ տունը ջուր է լինում, կարելի է ասել՝ մենք կարող ենք լոդկայով տեղաշարժվենք: Մի հատ փոքր անկյուն գոնե տան, հասուն երեխեք են, որ ուզում են լողանալ, ասում են՝ մամա ջան, կգնա՞ս էն սենյակ, լողանանք, նոր գաս, տազի մեջ ենք լողանում: Օր է լինում՝ երեխեքս սոված են մնում, բայց ձայն չեն հանում, ոչ մեկը չգիտի՝ կո՞ւշտ ենք, թե՞ սոված: Ամիսներով լույսն անջատած է եղել, լույսի փող չեմ կարողացել տամ: Պլիտա եմ շատ ժամանակ միացրել, որ երեխաներս տաքանան, շատ ժամանակ էլ խոնավությունից տոկը խփել է, որ պլիտա ենք միացրել: Մարդիկ սառնարաններում եսիմ ինչեր են դնում, մեր սառնարանը՝ լրիվ դատարկություն, ոչ մի բան չունենք: Դեռ լավ է, որ երեխեքս ստիպող չեն, ասեն՝ այս ենք ուզում, այն ենք ուզում, եթե սոված էլ են եղել, ձայն չեն հանել: Այս առողջական վիճակով էլ, որ լսում եմ՝ գործ կա, գնում՝ աշխատում եմ, որ գոնե օրվա ցամաք հացը, ուրիշ բան չեմ ուզում, խորովածներ չեմ ուզում, գոնե ցամաք հաց երեխեն ուտի, կուշտ լինի, որ վաղը-մյուս օրը չասի՝ մամա ջան, ծնվեցի, սոված-ծարավ գնացի ծառայեցի, եղբորս պես: Հանրակացարանում բետոնի վրա էինք ապրում, գնաց առաջին գիծ ծառայեց, վերադարձավ»:
Համեստի խոսքով՝ որդու ծառայության ժամանակ էլ է շատ դժվարություններ տեսել. «Պրիսյագ եմ մենակ գնացել, վեշ եմ տարել իմ երեխուն, մեն-մենակ, իմ ուժերով: Աշխատել եմ, կոպեկ-կոպեկ հավաքել եմ 1000-2000 դրամով, որն էլ՝ պարտքով, գնացել եմ, երեխուս տեսել, եկել եմ: Միակ խնդրանքս է, որ, ինչ–որ մեկն օգներ, այս վիճակից դուրս գայինք, արդեն 20 տարի է՝ այս հոտին, այս ջրերից կուշտ-կուշտ ենք, էլ չգիտենք՝ ինչ անենք»:
Համեստի ընտանիքին օգնություն ցուցաբերել ցանկացողները կարող են նրա հետ կապ հաստատել 094 45 85 82 հեռախոսահամարով: