Բաժիններ՝

Խաղաղությունը սխալ հասկանալու դեպքում` մարդկային հազարավոր կյանքեր վերածվում են քաոսի

Խաղաղարարներն Աստծո որդիներ պիտի կոչվեն` սա Աստծո կամքն է, ողջ քրիստոնյա աշխարհի անմնացորդ ցանկությունն ու իղձը: Ի՞նչ կա ավելի փափագելի, սփոփարար, քան խաղաղությունը, որի բացակայությունն ավեր է, խռովություն և մեղապարտություն:

Աստված ստեղծեց մարդուն և օժտեց խաղաղ կյանքի: Բայց վերջինիս անհնազանդությամբ ամեն բան փոխվեց, եդեմական կյանքը վերածվեց թափառումների անվերջ շղթայի, մարդ արարածը զրկվեց երկնային խոստումներից և օրհնություններից: Ժամանակ անց Աստված կրկին կամեցավ խաղաղեցնել մարդու հոգին և աշխարհ ուղարկեց Իր Որդուն: Խաղաղահիմն ու խաղաղասեր Աստված Իր Միածին Որդուն ուղարկեց, որ աշխարհը Նրանով նոր կերպարանք ունենա:

Երկրի վրա երբևէ հնչած մեծագույն ավետիսը հրեշտակների ավետիսն է. «Փա՜ռք Աստծուն` բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն` մարդկանց մէջ» (Ղուկաս Բ 14): Ինչպիսի՜ մխիթարություն տագնապած հոգիների համար, ովքեր կորցրել են խաղաղությունը: Հիսուս եկավ ոչ միայն որպես Փրկիչ, այլ Խաղաղության Իշխան` խաղաղեցնելով հոգիները, մտքերը, սրտերն ու կյանքերը: «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն» (Հովհաննես ԺԴ 27):

Հիսուս եղավ մեր խաղաղությունը. «… որովհետեւ նա է մեր խաղաղութիւնը, նա, որ երկուսը մէկ դարձրեց. (նկատի ունի հրեայի և հեթանոսի հակամարտությունը- Մ. Կ.) քանդեց իր մարմնի մէջ միջնորմը` թշնամութիւնը… Եւ եկաւ խաղաղութիւն աւետարանեց ձեզ` հեռու եղողներիդ, եւ խաղաղութիւն` մօտ եղողներիդ» (Եփես. 2 14,17):

Իրական խաղաղությունը բոլոր ժամանակներում մարդկանց սրտի ամենախոր և անկեղծ փափագն է եղել: Խաղաղությունն է, որ մարդու ստեղծագործ միտքը բարձրացնում է վեր, հոգին ազնվացնում, երջանկացնում: Խաղաղությունը սխալ հասկանալու դեպքում մարդկային հազարավոր կյանքեր վերածվում են քաոսի: Որքան ոճիրներ են գործվել և գործվում խաղաղության անունով: Մարդիկ, տառապելով տիրակալական, շահախնդրության, փառասիրության մոլուցքներով, քանդում են աշխարհի խաղաղությունը:

Արտաքին խաղաղությունը չի կարող իրագործվել աշխարհի մեջ, եթե չլինի ներքին խաղաղությունը, որն իրականացվում է սրտի գոհունակությամբ, մտքի ու խղճի հանգստությամբ: Խաղաղությունը հոգեկան այն վիճակն է, երբ մարդ անարատ հոգով մի կողմից կապված է Աստծո հետ, մյուս կողմից` իր նմանին, և ապրում է Աստծո կամքի համեմատ: Առանց խաղաղություն ունենալու հնարավոր չէ խաղաղարար լինել: Խաղաղարարն Աստծո որդի պիտի կոչվի, իր մեջ, իր մեջ եղած Աստծո աղավաղված պատկերը պիտի վերագտնի: Բավական չէ խաղաղասեր լինել, հարկավոր է նաև խաղաղարար լինել: Եղբայրատյացությունը, բամբասանքը, նախանձը, անհանդուրժողականությունը, չարությունը խաղաղության պակասի արդյունք են:

«Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն» երանին մեր կոչումն է և առաքելությունը: Քրիստոս քարոզած խաղաղությունը հոգիները շաղկապող կամուրջ է. «Եւ ձեր սրտերում թող հաստատուի Քրիստոսի խաղաղությունը, որին եւ կոչուեցիք մէկ մարմնով. եւ գոհութի՛ւն մատուցեցէք» (Կողոս. Գ 15):

Թող մեր սիրտն ու հոգին լինեն խաղաղության շտեմարան, որտեղ պիտի բնակվի Քրիստոս, որպեսզի իրարով զորացած` լինենք խաղաղարարներ, խաղաղություն հաստատողներ և խաղաղությամբ Աստված փառաբանողներ:

Պատրաստեց` Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս