«Բանակից հետո երկրորդ տեղը, որ պետք է փող հատկացնել՝ Սևանա լիճն է». Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում՝ Սևանա լճի ափին, այսօր՝ հուլիսի 25-ին, տեղի ունեցավ մարզպետ Գնել Սանոսյանի մամուլի ասուլիսը: Նա ներկայացրեց տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները, ձեռքբերումները, ապա անդրադարձավ լճի կանաչելու պրոցեսին:

«Ցավոք սրտի, արդեն 3 տարի է՝ Սևանի կանաչելու պրոցեսն ունենք: Այս պրոցեսը միշտ եղել է, բայց մասշտաբներն այլ են եղել և սեզոնայնությունն է այլ եղել, հիմնականում եղել է սեպտեմբեր ամսին և շատ քիչ ծավալով»,- ասաց Սանոսյանը:

Մարզպետի խոսքով՝ լճի կանաչման դեմ աշխատանքներ տարվում են, բայց դրանք կարծես բավարար չեն. «Խոստովանում եմ, որ մեր աշխատանքները կարծես բավարար չեն, մաքրվող տարածքների հետ կապված, գետերի վրա մաքրման կայանների, ափերին գտնվող օբյեկտներում մաքրման կայանների տեղադրման առումով թեև որոշակի աշխատանք կա, բայց այդ աշխատանքները դանդաղ են ընթանում՝ տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով, և մեկ անգամ ասել եմ, հիմա էլ  կասեմ՝ բանակից հետո երկրորդ տեղը, որ պետք է փող հատկացնել՝ Սևանա լիճն է: Մեր կառավարությունը, մեր գործընկերները, կարծում եմ, սա շատ լավ գիտակցում են, բազմաթիվ անգամ ասել եմ, և այդ ուղղությամբ այս պահին լրջագույն աշխատանքներ են տարվում»:

Տեսանյութեր

Լրահոս