Բաժիններ՝

«Չեմ պատկերացնում, որ 15.000 դիմորդների պետք է ծանուցեինք, որ այս տարի առաջին հայտի գերակայություն է լինելու». Գրիշա Թամրազյան

Համալսարանի ընդունելության քննություններից  հետո դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողները, որոնք, արդեն երկու օր է, բողոքի ակցիաներ էին իրականացնում, հանդիպել էին ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ: Նրանց բողոքի պատճառն այն է, որ ԿԳՄՍՆ-ի որդեգրած քաղաքականության արդյունքում բարձր միավորներ ստացած դիմորդները դուրս են մնացել համալսարանից, իսկ 7.5-8 միավոր ստացած դիմորդներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին: Ծնողները պնդում են, որ դիմորդները պատշաճ չեն տեղեկացվել, թե ինչպե՞ս է գործելու առաջին հայտին գերակայություն տալու որոշումը, և, որ հայտում նշված մնացած տեղերում դիմորդը սովորելու հնարավորություն ստանալու է միայն այն դեպքում, եթե այդ բաժիններում լինեն թափուր տեղեր, հետևաբար՝ շատերը չեն մտածել, որ հնարավոր է՝ 18 միավորով դուրս մնան համալսարանից առհասարակ: Գրիշա Թամրազյանը պնդում էր, թե ընդունելության կարգը հայտնի է դարձել մայիսի 21-ից, իրենք էլ հնարավոր բոլոր միջոցներով իրազեկել  են դիմորդներին:

«13.000 դիմորդներ մասնակցել են միասնական քննություններին, 2500 դիմորդներ՝  ներբուհական քննություններին: Դիմորդը, երբ որ dimord.am կայքում ցանկացել ա գրանցվել, բերել է՝ «Ծանո՞թ եք կարգին»: Կարգն արդեն այդ ժամանակ փոփոխված է եղել, այսինքն՝ դիմորդը, երբ որ ցանկացել է դիմել որևէ բուհ, արդեն իսկ տեղեկացված է եղել, քանի որ կայքում առաջ շարժվելու համար կա այդ հրահանգը: Դիմորդը պետք է տեղեկացված լիներ կարգին իր մնացած տվյալները լրացնելու համար: Հնարավոր եմ համարում, որ 13.000-ից 2000-ը չի կարդացել դա, մեխանիկորեն սեղմել է, գնացել է առաջ, բայց, որ դրա մեջ մեղադրում եք մեզ, այդտեղ ես Ձեզ հետ համաձայն չեմ, քանի որ բոլոր հնարավոր միջոցներով տեղեկացրել ենք»,- ասաց Թամրազյանը:

Թերի տեղեկացված լինելու մասին ԿԳՄՍ փոխնախարարն ասաց, որ կարգն ընդունվել է կորոնավիրուսով պայմանավորված, երբ երկիրը գտնվում է արտակարգ ռեժիմում.

«Չեմ պատկերացնում, որ 15.000 դիմորդների պետք է ծանուցեինք, որ այս տարի առաջին հայտի գերակայություն է լինելու: Ինչ վերաբերում է 2-րդ, 3-րդ, 4-րդ կամ 8-րդ հայտերին, նախորդ տարիներին նույն կարգն է գործել, դրանում փոփոխություն չի կատարվել»:

Ծնողները պնդում էին՝ չեն ցանկանում, որ իրենց երեխաները բուհ ընդունվեն 7.5-8 ստացած դիմորդների փոխարեն, միայն ուզում են, որ իրենց բարձր միավորներ հավաքած երեխաներն էլ դուրս չմնան, ինչի համար առաջարկում են ավելացնել տեղերը ֆակուլտետներում: Գրիշա Թամրազյանը հակադարձեց, որ առաջարկը չի կարող ընդունվել, քանի որ դրանով օրենք կխախտեն, բացի այդ, բուհերն արդեն իսկ ավելացրել էին տեղերը, քանի որ այս տարի մեկ քննությամբ  էր անցկացվելու ընդունելության քննությունները, հավանական էր, որ  դիմորդների քանակը  շատ է լինելու: Պաշտոնական տվյալներով՝ 739 դիմորդ հավաքել է բավարար միավոր, սակայն չի ընդունվել որևէ տեղ:

«Մենք ունենք թափուր տեղեր, որոնց համար հուլիսի 20-ից մինչև այսօր ժամը 18:00-ն, բայց մենք ԳԹԿ-ի մեր գործընկերների հետ խոսեցինք, այդ ժամը հնարավոր է փոփոխել մինչև 20:00-ն, հնարավորություն է տրվելու 739 դիմորդներին դիմելու թափուր տեղերի մրցույթին: 550 դիմորդ դիմել է թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար»,- ասաց Թամրազյանը:

Ծնող Մասիս Բաբալյանը, որի որդին ընդունվել է համալսարան, բայց վերջին հայտով, որը նշել էր, քանի որ չէր իմացել, որ բերված բոլոր 10 դաշտերը պարտադիր չէր լրացնել, իսկ հիմա չի ցանկանում գնալ այդ բաժին։ Ծնողն  ասաց, որ այդ մարդիկ դիմել են մրցույթին մասնակցելու համար, որ չկորցնեն բուհ ընդունվելու վերջին հնարավորությունը:

«Մարդիկ, որ գոնե վատթարագույն տարբերակից օգտվեն, նշել են: Բայց էս մարդիկ, ինչպես նաև իմ տղան և մյուս բոլորը, որոնք վերջին հայտով ընդունվել են, կիսում են մեր բողոքը»,- ասաց Բաբալյանը:

Ծնողներն ու փոխնախարարն ընդհանուր հայտարարի այդպես էլ չեկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս