«ՀՀ զինված ուժերը տեխնիկապես վաղուց կարող էին հարվածներ հասցնել Ադրբեջանի ենթակառուցվածքներին, բայց նման ծրագիր չենք ունեցել». Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ զինված ուժերը տեխնիկապես մշտապես հնարավորություն ունեցել են հարվածներ հասցնելու Ադրբեջանի ենթակառուցվածքներին, սակայն Հայաստանը երբեք չի ունեցել և չունի նման ցանկություն: Հրավիրված ճեպազրույցին նման հայտարարություն արեց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Դա նոր քարոզչական թեզ է արտաքին աշխարհին ուղղված, դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է: ՀՀ Զինված ուժերը տեխնիկապես վաղուց կարող էին դա իրականացնել, բայց մենք նման ծրագիր չենք ունեցել, չունենք և դա հայեցի չի ոչ մի տեսանկյունից: Մենք ասում ենք, որ տարածաշրջանով անցնող նավթագազամուղները, որոնք ունի Ադրբեջանը և որոնք միջազգային ընկերություններին են պատկանում, թող միջազգային ընկերությունները վստահ լինեն, որ ՀՀ-ն անվտանգության երաշխավոր է և ոչ թե սպառող: ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, քան որևէ մեկն այս տարածաշրջանում»,- ասաց նա:
Լրացմանը` եթե դրանք անցնենք մեր ենթակայության տակ, ապա ՀՀ-ն երաշխավորու՞մ է դրանց անվտանգությունը, Արծրուն Հովհաննիսյանը կես կատակ կես լուրջ շեշտեց` այո, եթե դրանք անցնեն մեր ենթակայության տակ, ՀՀ-ն ավելի լավ, քան որևէ մեկը կարող է երաշխավորել դրանց անվտանգությունը:
Պատասխանելով հարցին, որ ըստ ռուսական լրատվամիջոցների, հնարավոր է Թուրքիայի կողմից սիրիական ընդդիմության զինյալներն ուղղվեն մեր դեմ, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետը նախ ասաց, որ ադրբեջանական մամուլում այն պաշտոնապես հերքվել է, բայցև վստահեցրեց. «ՀՀ զինված ուժերը պատրաստ են մեր սահմանների անվտանգության ապահովմանը` անկախ նրանից դրանք թուրք զինյալներ են, ծայրահեղ մահմեդականներ, թե Ադրբեջանի ԶՈՒ զինյալներ»:
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ անցնող գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ, մոտավորապես 70 անգամ է խախտվել հրադադարի ռեժիմը, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր` ոչ մեծ տրամաչափի:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերին մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վիճակին ՊՆ նախկին խոսնակը հայտնեց, որ միջին և միջինից բարձր վիճակում գտնվող զինծառայողների առողջական վիճակում դրական դինամիկա կա, սակայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա չկա:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու հետ կապված լուրերին` Հովհաննիսյանն ասաց` հայկական որևէ ԱԹՍ չի խոցվել: