«Մարգարիտա Սիմոնյանի երեկվա հայտնի գրառումն այսբերգի երևացող մասն էր միայն». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գիշերը մանրամասն ուսումնասիրել եմ Հայաստանի ու հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ռուսական փորձագիտական շրջանակներում առկա տրամադրությունները։ Ուրեմն ասեմ՝ ամեն ինչ շատ վատ է։ Փորձագետների ու քարոզիչների մի ստվար զանգված զբաղված են բացահայտ հակահայկական գործունեությամբ։ Դրանք հիմնականում ֆինանսավորվում են Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Թուրք-ադրբեջանական ազդեցության այդ գործակալներից գրեթե ոչ ոքի, բացառությամբ շևչենկոյատիպ հայտնիներին, հայկական կողմից որևէ հակազդեցություն չկա։ Ու եթե չլինեին պրոհայկական տրամադրված ռուս փորձագետների ջանքերը, այդ հակահայկական զանգվածը պիտի լիովին անարգել գործեր ռուսական մեդիադաշտում։
Հայամետ տրամադրված փորձագետները, իրենց հերթին, շատ սիրելով մեր ժողովուրդն ու պետությունը, միանշանակ դեմ են ՀՀ իշխանություններին։ Մարգարիտա Սիմոնյանի երեկվա հայտնի գրառումն այսբերգի երևացող մասն էր միայն։ Տեսնել է պետք, թե որքան նման գնահատականներ կան ռուսական փորձագիտական դաշտի ամենաազդեցիկ շրջանակներում։ Եվ դա բացահայտում է ՌԴ իշխանությունների իրական վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների նկատմամբ։
Իսկ ի՞նչ է անում ՀՀ վարչապետը վիճակը շտկելու համար։ Ոչինչ։ Ճիշտ հակառակը՝ տպավորություն է, որ իշխանական թիմը ոչ թե համագործակցություն, այլ հակամարտություն է փնտրում Ռուսաստանի հետ։ Այլապես ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ, օրինակ, Կոտայքի մարզպետն իր գրառումների մեջ օգտագործում է «ռուսուլման» արտահայտությունը։ Կամ որ իշխանական քարոզչական թիմի ներկայացուցիչները «գրոհային դեսանտ» են ուղարկում նույն Մարգարիտա Սիմոնյանի էջ՝ վիրավորանքներով լի մեկնաբանություններ գրելու համար։ Իսկական վակխանալիա։
Ի՞նչ կարելի է անել ստեղծված իրավիճակում։ Անկեղծ չգիտեմ։ Երևի թե բարի խորհուրդ տալ ՀՀ իշխանություններին լեզու գտնել ՌԴ քաղաքական և տեղեկատվական-վերլուծական շրջանակների հետ։ Չի կարելի այդքան տգետ և անհեռատես լինել։ Հատկապես հիմա, երբ երկիրը կանգնած է մեծ պատերազմի նախաշեմին»: