Բաժիններ՝

Ես չգիտեմ, թե հազարավոր մեքենաների համար ի՞նչ տարածք են գտնելու. Ավտոներկրողը՝ վաճառքի նպատակով մայթեզրին կայանելու համար տուգանվելու մասին

Ազգային ժողովը հուլիսի 8-ին առաջին ընթերցմամբ 61 «կողմ», 1 «դեմ» և 20 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած փաթեթով առաջարկվում է լուծել մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը:

Նիկոլայ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ շատ են դեպքերը, երբ մայթեզրերին կազմակերպվում է տրանսպորտային միջոցների վաճառքը կամ վարձույթը, և կան վայրեր, որտեղ մայթեզրերը վերածվել են ավտոմեքենաների վաճառքի շուկայի:

«Հիմա մարդիկ մեքենաները բերել են, 4-5 ամիս է՝ չեն վաճառել, ոչ էլ ապրուստի փող ունեն, ո՞վ կուզի, որ անընդհատ փողոցում կայանած մեքենային խփեն, ջարդեն: Մարդը, որ փող ունենար՝ կտաներ մի տեղ կվճարեր և կկայաներ: Չունի այդ մարդը, բայց հիմա ստիպելու են, որ մեքենաները հանեն ու տանեն վճարովի կայանատեղի: Ես չգիտեմ, թե հազարավոր մեքենաների համար ի՞նչ տարածք են գտնելու. անհնար է:

Նման նախագիծը ընդունելի կլիեր, եթե հեշտացվեր մեքենաների վաճառքի տարբեակը, այսինքն, պետությունն օգներ մեզ հեշտ տարբերակով արտահանել մեքենաները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:

Ավտոներկրողներից Դավիթ Գասպարյանն էլ հավելեց. «Թող տեղ հատկացնեն՝ տանենք կայանենք մեքենաները, ավելի լավ. փողոցում գնում-գալիս, վնասում են: Եթե տեղ կհատկացնեն՝ մեքենաները նորմալ կայանելու համար, խնդիր չկա»:

Հավելենք, որ Հոդված 124.8-ով՝ Վաճառքի կամ վարձույթի ենթակա տրանսպորտային միջոցների սեփականատիրոջ կողմից համայնքային նշանակության ճանապարհների վրա` կայանման համար նախատեսված վայրերում տրանսպորտային միջոցները կայանելը, եթե համայնքի ղեկավարի որոշմամբ տվյալ վայրը չի սահմանվել որպես վաճառքի կամ վարձույթի ենթակա տրանսպորտային միջոցների կայանման վայր` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց երեք օր հետո կրկին անգամ` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս