«Նախիջևանի պարագայում լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսելը կնշանակի՝ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ». Արշավիր Ղարամյան

Նախիջևանի հարցը շատ բարդ հարց է, այսինքն՝ այն միայն Ադրբեջանի պրոտեկտորատ չի, այլ 100 տարուց ավելի՝ նաև Թուրքիայի: 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը՝ պատասխանելով մեր դիտարկմանը, թե Նախիջևանի հատվածում հնարավոր է՝ Թուրքիան  սադրիչ գործողություններ հրահրի՝ հաշվի առնելով վերջին օրերին Տավուշի ուղղությամբ ծավալվող գործողություններին թուրքական արձագանքը:

«Նախիջևանի հետ կապված որոշակի հավակնություններ ունի նաև Իրանը՝ իր անվտանգության առումով: Եվ Նախիջևանի պարագայում լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսել, դա նշանակում է՝ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ, տարածաշրջանն ամբողջովին կներքաշվի այդ ռազմական կոնֆլիկտի մեջ»,- նշեց գեներալը:

Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի՝ Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ սպառնալից հայտարարությանը, Արշավիր Ղարամյանը շեշտեց.

«Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բացարձակ չի տիրապետում իրավիճակին»:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ադրբեջանական բանակի բացարձակ ագրեսիային ՀՀ նկատմամբ, Արցախի հերոսն ընդգծեց՝ սա մեկ անգամ ևս ապացուցեց, որ ինչպես 2016 թվականի ապրիլին, այնպես էլ հիմա՝ ադրբեջանական բանակը մարտունակ չէ՝ նույնիսկ սպառազինված լինելով գերժամանակակից և գերճշգրիտ զինատեսակներով:

Տեսանյութեր

Լրահոս