Արաբկիր համայնքի ղեկավարը՝ աշխատակիցների բողոքի ակցիայի, իր և գրեթե բոլոր բաժինների ղեկավարների՝ 100 և ավելի տոկոսով պարգևավճար ստանալու մասին
Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներն այսօր հավաքվել էին թաղապետարանի դիմաց և ներս չէին մտնում՝ պատճառաբանելով, որ համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի որոշմամբ, իրենք եռամսյակը մեկ տրվող պարգևավճարները չեն ստացել 15-20 տոկոսի չափով, փոխարենը՝ Արամ Դանիելյանը պարգևավճար է ստացել 150 տոկոսի չափով։
Այնուհետև նրանք մտան շենք, համայնքի ղեկավարի հետ մի քանի րոպե փակ քննարկում տեղի ունեցավ, որից հետո աշխատակիցները հրաժարվեցին խոսել լրագրողների հետ, իսկ Արամ Դանիելյանը հանդես եկավ պարզաբանմամբ:
«Քանի որ պարգևավճարները լրացուցիչ և հավելյալ աշխատանք կատարելու, ավելի շատ ջանք թափելու համար են լինում, որպեսզի գաղափարը ճիշտ կարողանանք կիրառել, պետք է փորձենք տարբերակված մոտեցում ցույց տալ: Երբ սկսում ես տարբերակված մոտեցում ցույց տալ, մարդուն համեմատելով մյուս աշխատողի հետ կամ այլ ՏԻՄ ներկայացուցիչների հետ, նա իր մոտ որոշակի դիսբալանս է ունենում, համեմատությունների հետ կապված լինում են նաև դժգոհություններ, որի շրջանակներում այսօր փորձում ենք խորհրդակցել: Կոնկրետ այս կատարողական ժամանակահատվածի համար օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ կարողացել ենք եկամուտների հավաքագրման 83 տոկոս կատարողական ապահովել: Մեր բոլոր աշխատակիցներն աշխատավարձը 100 տոկոսով ստացել են արտակարգ դրության պայմաններում, երբ որոշ օրեր աշխատակիցն աշխատանքի շատ ավելի քիչ է ժամանել, քան մյուս սովորական օրերին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արաբկիր համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը:
Նա նշեց, որ համայնքի ղեկավարի պարգևավճարը թաղապետը չի նշանակում:
«Թաղապետի աշխատանքը գնահատում է վերադասը, և այդ մասով ես չունեմ մեկնաբանություն: Իսկ աշխատակիցների հետ կապված՝ պարգևավճարների գաղափարը որպեսզի կիրառենք, մեկ օր իրականում պարգևավճարը պետք է սկսի ծառայել բացառապես ավելի շատ աշխատանք կատարելուն և ոչ թե, ենթադրենք, որ համահարթ լինի: Եվ լավ աշխատողին, և՛ ավելի քիչ ջանք թափող աշխատողին երբ հավասար ես դու պարգևավճարը տալիս, այս անգամ էլ լավ աշխատողի մոտ է ոչ բավարարված վիճակ ստեղծվում: Գոնե ինքն իրեն հարց է տալիս, թե արդյոք ինչո՞ւ է իր ջանքերի, նվիրվածության շրջանակներում ստանում նույնքան պարգևավճար, որքան որ իր գործընկերը: Պարգևավճարը, առհասարակ, աշխատանքի որակի, ջանքերի գնահատականը պետք է լինի: Սակայն աշխատանքի ջանքերի սանդղակ ինստիտուցիոնալ առումով ՏԻՄ-երը երբևէ չեն ունեցել, և դա ոչ թե հուրախություն ինձ է, այլ ի տխրություն ինձ: Ստիպված եմ ինձ վրա վերցնել լրացուցիչ պատասխանատվություն՝ նաև դժգոհության որոշակի բեռ, և փորձեմ գնահատել: Բայց որպեսզի այդ գնահատականը լինի շատ ավելի օբյեկտիվ, յուրաքանչյուր բաժին իր բաժնի ղեկավարի գլխավորությամբ մասնակից է դառնում պարգևավճարի հետ կապված աշխատակիցների և՛ հաճախելիության, և՛ կատարված աշխատանքի, ջանքերի գնահատման: Պարգևավճարների այն մասը, որը չի բաշխվում, միևնույն է՝ մնում են, կուտակվում են՝ իբրև տնտեսում, և Երևանի բյուջեի մի հոդվածից հետագայում փոխարինվում են մեկ այլ հոդվածի և դառնում են որևէ աշխատանքի կամ ծառայության առիթ՝ Երևանի շահառու բնակիչների համար մեկ ավել աշխատանք է կատարվում: Այսինքն, պարգևավճարի այն մասը, որը չի բաշխվում, Երևանի բյուջեով ծառայելու է որևէ այլ խնդիր լուծելուն: Պարգևավճարի կուտակված մասը չի տնօրինում ոչ թաղապետը, ոչ քաղաքապետը»,- մանրամասնեց Արամ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ համայնքապետարանի աշխատակիցների մի մասը, որոնք շփվում են քաղաքացու հետ և գանձումներ են կատարում, այդ մասով նաև բաժնի ղեկավարի ներկայացրածի համաձայն՝ «որ օրը որ չեն եկել՝ փորձել են նաև հեռավար աշխատանք կատարել տնից՝ իրենց համակարգչին միանալու տարբերակով, և դա հաշվի առնելով՝ 57 տոկոս բոլոր մեր օպերատորներին տրվել է եռամսյակային պարգևավճարի ֆոնդից»:
«Այս եռամսյակ, օրինակ, սոցիալական բաժինը միայնակ տարեցներին մոտ 1600 փաթեթ, անապահով շերտերին քաղաքապետարանի, Կարմիր խաչի և տարբեր հասարակական կազմակերպությունների հատկացրած փաթեթներ ենք տարել և տներում բաժանել: Հիմա այդ մարդիկ իրենց աշխատանքին զուգահեռ՝ կատարել են որոշակի հավելյալ աշխատանք, և իրենց միջինը այս եռամսյակ բարձր է եղել: Առհասարակ, մեր եկամուտների բաժնի պարգևատրումների միջինը միշտ շատ բարձր է եղել, գրեթե միշտ՝ 100 տոկոս, բայց քանի որ այս եռամսյակ ունենք 83 տոկոս հավաքագրում, և թերի էր հավաքագրվել եկամուտները, իսկ եկամուտների բաժնի աշխատակցի ուղիղ պարտականությունը և աշխատանքի չափման կապը հենց եկամուտների հավաքագրումն է, դրա հետ կապված մենք ունենք այս տարբերությունը: Տեսուչների մասով ավելի ցածր թվեր ունենք, որովհետև նրանք չէին կարող մեր քաղաքացիների տները այցելել, գումար հավաքագրել: Հաշվի ենք առնում, որ վիճակից ելնելով է, և ոչ՝ իրենց մեղքով, բայց նորից եմ ուզում կրկնել՝ եթե մարդը ստանում է աշխատավարձ՝ 100 տոկոս, և նախորդ եռամսյակի համեմատ իր աշխատանքային հաճախելիությունը և կատարած աշխատանքները, ծանրաբեռնվածությունը այդքան չէ, և հիմա ասել, թե ինձ ինչու շատ պարգևավճար չեն տվել, ես կարծում եմ, որ պարգևավճարը այսուհետ չափորոշիչների առումով շատ ավելի պետք է խստացվի յուրաքանչյուրիս համար և շատ ավելի ճշգրիտ լինի, որովհետև մյուս կողմից տեսնում եք մեր հանրության արձագանքը՝ պարգևավճարի գաղափարին, որը միանշանակ չէ: Նրանք մեր հարկատուներն են, ովքեր ասում են՝ իսկ պարգևավճարներ որ տրվում են, արդյո՞ք այդքան հավելյալ աշխատանք է կատարվել: Հիմա, իբր վարչական շրջանի ղեկավար՝ ես նաև պատասխանատվություն եմ զգում հանրության առջև: Ամենահեշտ բանն է՝ այնպես անել, որ քո բոլոր աշխատակիցները գոհ լինեն: Օրինակ՝ կարելի էր բոլորին 100 տոկոսով պարգևավճար տալ, բայց ես հաշվետու եմ ինձ զգում հանրության առջև»,- ընդգծեց Արաբկիր համայնքի ղեկավարը:
Արամ Դանիելյանը շեշտեց՝ բացի իրենից, գրեթե բոլոր բաժինների ղեկավարները ևս պարգևավճար ստացել են 100 և ավելի տոկոսով:
«Լինելով տվյալ բաժինը ղեկավարող՝ նրանք նաև արտակարգ դրության ժամանակ, երբ շտաբ էր ձևավորված, գիշեր կամ ցերեկ, եթե հարկ լիներ, պետք է մասնակցեինք կամ գայինք, այդ ժամանակ լրացուցիչ այլ աշխատանքներ էր կատարվում և աշխատանքի ներկայանալը շաբաթ, կիրակի օրով կամ ոչ աշխատանքային ժամին, դրանք բոլորը հաշվի են առնվել, և մեծ մասը 100 և ավելի տոկոսով պարգևավճար է ստացել: Մեր պահակը տարեց է, և ըստ արտակարգ դրության և պարետի որոշման՝ ռիսկային խմբում գտնվող 60-ից ավելի տարիք ունեցող մարդիկ կարող էին չհաճախել աշխատանքի, և երբ նա աշխատանքի է ժամանել, փաթեթներ բաժանելու ժամանակ օգնել է իջեցնել կամ մեքենայում տեղադրել, ես չէի կարող հաշվի չառնել և 120 տոկոս կամ ավել պարգևավճար չտալ»,- հավելեց Արամ Դանիելյանը:
168.am-ի հարցին՝ հնարավո՞ր է՝ պարգևավճարների մասով վերանայում լինի՝ Արամ Դանիելյանը պատասխանեց.
«Մեր աշխատակիցների կողմից ցանկացած արձագանք միանշանակ թանկարժեք ինֆորմացիա է, որպեսզի կարողանաս քո արածի թույլ և ուժեղ կողմերը գնահատել: Պարգևավճարը յուրաքանչյուր եռամսյակ է լինում և այն չափորոշիչներով, որոցով առաջնորդվել ենք արտակարգ դրության ժամանակահատվածում, հույս ունեմ, որ կվերադառնանք մեր բնականոն աշխատանքային վիճակին, և բոլորիս համար շատ ավելի հեշտ կլինի: Բոլոր արձագանքները անպայման հաշվի կառնենք և հաջորդ եռամսյակում այդ չափորոշիչների մեջ կփորձենք դրանք ներառել, եթե օբյեկտիվ են»: