«Մամեդյարովի փոխարեն դաշտում երևում է Հիքմեթ Հաջիևը, որն աչքի է ընկնում ավելի ագրեսիվ պահվածքով». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ թեև սահմանին սադրանքները շարունակվում են, սակայն Ադրբեջանի շահերից չի բխում գնալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, քանի որ Բաքուն կրում է անհաջողություն՝ անհաջողության հետևից:

«Ճիշտ է, երեկ Ալիևն իր ելույթում ներկայացրեց, որ իբրև կարևոր հաջողություններ են գրանցել, սակայն դրանց մասին կլռի, քանի որ ռազմական գաղտնիք է: Բայց այդ ձևակերպումները ցույց տվեցին այն ճգնաժամը, որը ստեղծվել է նախագահ Ալիևի մոտ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններից հետո»,- 168.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը:

Անդրադառնալով Էլմար Մամեդյարովի հրաժարականի մասին լուրերին, Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ այս պահին դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա նրա հրաժարականի վերաբերյալ:

«Մամեդյարովն արդեն ամիսներ շարունակ արժանանում է քննադատության, իսկ երեկ Արտգործնախարարության հասցեին հնչեցրած մեղադրանքներն իսկապես աննախադեպ էին թվում, բայց այս իրավիճակում բավականին բարդ կլինի, որպեսզի Մամեդյարովը շարունակի իր պաշտոնավարումը: Բացառված չէ, որ հենց նա դառնա քավության նոխազ, առնվազն այս պահի դրությամբ, որովհետև եթե հրաժարական տա, կամ պահանջեն պաշտպանության նախարարի հրաժարականը, ապա դա կնշանակի, որ Ալիևն ամբողջությամբ ընդունում է, որ ինքը տանուլ է տվել»,- հավելեց Տ. Հայրապետյանը:

Ըստ նրա, բանակցային գործընթացում տեղի ունեցող համանախագահների վերջին բոլոր հայտարարությունները ցույց են տալիս, որ հայկական կողմի առաջ քաշած բոլոր դրույթները դառնում են միջազգային օրակարգի մաս, և Ադրբեջանը մեծ անհաջողություններ է կրում: Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն ունի ներքին խնդիրներ, որի համար պետք է մեղավորներ փնտրի, և սլաքները կարող են ուղղել Մամեդյարովի դեմ:

«Հաշվի առնելով կլանային պայքարը, Մամեդյարովը նույն Մեհրիբան Ալիևայի համար կարող է ցանկալի թեկնածու չդիտվել: Գուցե Ադրբեջանը քարոզչական առումով ցանկանում է գնալ հետագա կոշտացումների, իսկ Մամեդյարովի փոխարեն այս պահին դաշտում երևում է Հիքմեթ Հաջիևը՝ Ալիևի արտաքին գործերի գծով պատասխանատուն, որն աչքի է ընկնում ավելի ագրեսիվ պահվածքով: Սրանով Ադրբեջանը փորձում է ավելի ագրեսիվ կերպար ձեռք բերել, ինչը միայն վնասում է իրենց, իրենց իմիջին և բանակցային գործընթացին»,- շեշտեց պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս