«Այնքան հրավեր է եկել, որ կարելի է տունը «աբոյ» քաշել». քաղաքացին պնդում է, որ կարմիր գծանշում չի եղել, բայց այդտեղ կայանելու համար տուգանվել է

Երևանի բնակիչ Գագիկ Մարտիրոսյանը, որն ապրում և աշխատում է Պուշկինի 3Ա հասցեում, բողոքում է, որ երկար ժամանակ կայանել է շենքի դիմաց, որտեղ կարմիր գծանշումները միայն մեկ ամիս առաջ են ավելացվել, բայց  Երևանի քաղաքապետարանից տուգանքներ են եկել, որ ինքը կայանել է կարմիր գծանշման հատվածում և չի վճարել դրա համար:

«30-40 հատ դատարանի որոշում է եկել, քաղաքապետարանը մեզ հրավիրել է դատի, գնացել ենք, բողոքարկել, բայց նորից գալիս են հրավերները: Նախկինում կարմիր գծերը սյան մոտ էին, սյունից այս կողմ, որ կանգնեիր՝ չպետք է տուգանվեիր, բայց գուցե քարտեզագրության մեջ կա այս տարածքը, որն իմ բողոքելուց հետո բերին-գծեցին: Կարող ենք նկարել, որ գիծն այնտեղ ավարտվում էր, այնքան ապուշ են եղել, որ գիծը թողել են, գոնե մաքրեին»:

Գ․ Մարտիրոսյանը նաև իր հեռախոսով է տեսանկարահանել այդ գծանշումները, որպեսզի քաղաքապետարանում ցույց տա. «Նկարել եմ, որ ցույց տանք, թե ինչ է կատարվում: Ես մեծ հաճույքավ կմուծեի իմ պետության գումարները: Խախտումի համար տուգանեք, գլուխս կախ գամ՝ վճարեմ, բայց չարած խախտումի համա՞ր»:

Նրա խոսքով՝ նույն խնդիրը եղել է, երբ մարդիկ մարզերից են եկել և կայանելով նշված հատվածում՝ տուգանվել են. «10 տարի է՝ այստեղ եմ աշխատում, գիտեմ, որ կռիսություն կա, Գյումրիից ընկերներ են գալիս, գյուղացի տղերք են գալիս, տեսնում են՝ կարմիր գիծ չկա, բայց դու մի ասա, կարմիր գծի մեջ են կանգնած: Երևի 1 ամիս կլինի, որ եկան գծեցին, չգիտեմ՝ քաղաքապետարանի պահանջո՞վ, թե՞ իրենց կռիսությունը թաքցնելու պահանջով, դա կարելի է քննարկել, որովհետև այնքան հրավեր է եկել, որ կարելի է տունը «աբոյ» քաշել:

Հարգելի քաղաքապետարան, ամո՛թ է, փողը գանք՝ մուծվենք, բայց ազնիվ եղեք, էլի: Րոպեն մեկ դատարանը հրավիրում է, բան ու գործ չունենք, դիմակները հագնենք, անձնագրերը դնենք գրպաններս, գնանք-կանգնենք: Այստեղ կարմիր գիծ չի եղել, ինչո՞ւ եք մեզ գցում ԴԱՀԿ, հետևեք ձեր աշխատանքին»:

Տեսանյութեր

Լրահոս