«Կարող ա՝ Պողոսի պահանջն ա, մեր պահանջը չի հաստատ». քաղաքացիները՝ իշխանության որոշումների մասին
Գործող իշխանությունն իր կայացրած որոշումները հաճախ պայմանավորում է ժողովրդի պահանջով: Վերջին շրջանում Ազգային ժողովի որոշմամբ փոխվեց Սահմանադրությունը, բարձրացվեց գույքահարկը: Լսե՞լ է իշխանությունը ժողովրդին այս որոշումները կայացնելիս: 168.am-ն այս հարցի պատասխանը փորձել է ստանալ մեր համաքաղաքացիներից:
«Կարող ա՝ Պողոսի պահանջն ա, մեր պահանջը չի հաստատ: Սահմանադրության փոփոխությունը ևս շատ վատ է»,- ասաց քաղաքացիներից մեկը:
«Իհարկե, լսել են, շատ վաղուց այդ ամենը պետք է արվեր ու չի արվել՝ 30 տարվա ընթացքում: Գույքահարկը, եթե օրենքով նախատեսված է, ապա պետք է վճարվի: Բոլոր երկրներում էլ էդ ամեն ինչը կա, ուղղակի մենք սովոր չենք էս ամեն ինչին, մեր համար ա խորթ»:
««Ժողովուրդ» ի՞նչ է նշանակում, շատ վերացական բաների հետ գործ ունենք, հասարակությունը շատ բարդ օրգանիզմ է, տարբեր սոցիալական շերտեր կան, շատ բարդ խճանկար է: Մենք բոլորս տարբեր շահեր ունենք, «ժողովուրդը» սիրուն, թմբլիկ բառ է, ամբոխը կոնկրետ է, ժողովուրդը՝ չէ»,- ասաց մեկ այլ զրուցակից:
«Ես կուզենայի, որ մեր ազգն ապրեր, իրոք, լրիվ, լիարժեք, ոչ թե ծովից ծով Հայաստանում, այլ իրոք ազատ ու անկախ ապրեր, մենք մեր գլխի մեջ չմտածեինք՝ մենք ծով չունենք, ելք չունենք, թշնամիներով շրջապատված ենք, ոչ թե՝ ինչպես մինչև այդ ապրում էինք, ռուսների իշխանության տակ, ուրիշները մեզ համար պետք է որոշեին, թե մենք ինչ պետք է անենք, ես ինքս ապրեմ այնպես, ինչպես ես եմ գտնում ճիշտ, որը և մեր վարչապետն անում է: Մեր վարչապետը Թումանյան է արտասանում, իսկ եթե մարդը Թումանյան է արտասանում, Սևակ է արտասանում, ուրեմն մեր արժեքներն է կրում, նույնիսկ բազում թերությունների հետ, որոնք վարչապետը կարող է ունենալ, նա արդեն հայ է: Խաչատուր Աբովյանն ո՞վ էր, 10-ից 1-ը գիտի, թե նա ինչ է գրել, Թումանյանին ամենափոքրն էլ գիտի, բայց եթե Աբովյանը չլիներ, չէր լինի ո՛չ Թումանյան, ո՛չ Տերյան, ո՛չ Սևակ, ես ասում եմ, որ Փաշինյանը մեր Խաչատուր Աբովյանն է, որից հետո կգան Թումանյանը, Տերյանը, Սևակը»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը:
«Որ փոխեցին՝ ի՞նչ, ջեբերներս պիտի լցվի՞, ստի-մտի բաներ են: Ամեն ինչ դեպի վատն ա գնում, լավ բան չի լի, ով ուզում ա լի, էս Փաշինյանին հանեն, թազա ուրիշ Փաշինյան բերեն, սաղ ստից խոսակցություններ են, վերջը հայ պետք է լինի ղեկավարը, չէ՞, ուրեմն լավ չի լինելու: Մենք սովոր ենք գռփենք-չռփենք, մենք էդ ենք, խաբենք, քցենք, սուտ ասենք, ագահ ժողովուրդ ենք: Բոլորը չէ, բայց վատերը շատ են, մի չնչին տոկոս են լավերը: Ես ոչ մեկի չեմ հավատում, հորս էլ չեմ հավատում»: