ԿԳՄՍ-ն՝ դպրոցները՝ սեպտեմբերից, իսկ բուհերը՝ փետրվարից բացելու լուրերի մասին
«Իրավունք» թերթը գրել էր, որ իր տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարությունը քննարկել և որոշել է, որ դպրոցներն իրենց դռներն աշակերտների համար կբացեն սեպտեմբերից, իսկ ահա բուհերն առաջին կիսամյակը կանցկացնեն կրկին հեռավար, ապա հետո հավանաբար երկրորդ կիսամյակից` փետրվարից, դասերը կանցկացվեն բուհական պատերից ներս:
Քաղաքացիներից շատերը սոցիալական ցանցերում սկսել են հայտնել իրենց վրդովմունքը՝ կարևորելով սեպտեմբերից դպրոցների և բուհերի բնականոն աշխատանքը սկսելը, և ընդգծել, որ հեռավար կրթությունն անարդյունավետ է:
«Սակայն ի՞նչ տարբերություն, օրինակ, մեր տանը և՛ դպրոցական կա, և՛ ուսանող, հիմա ինչ, դպրոցից չեն բերի վիրո՞ւս: Կամ առաջին կուրսի ուսանողն ինչպե՞ս է տնից մասնակցելու դասերին, երբ ոչ մի դասախոսի չի ճանաչում»,- գրել է օգտատերերից մեկը:
Իսկ ահա ԵՊԲՀ-ում սովորող ուսանողներից Անի Մինասյանի կարծիքով՝ համավարակի պայմաններում չարժե բացել կրթական հաստատությունները:
«Ժողովուրդ ջան, ես ինքս Բժշկական համալսարանի ուսանող եմ, ու իմ խմբի անդամներից, ընկերուհիներից շատերը պատմում են, թե ինչ է կատարվում վիրուսով վարակված մարդկանց հետ: Ախր ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ նման մեծ խմբավորումներ ունեցող հաստատությունները բացվեն, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենա: Պետք է շնորհակալ լինենք, որ կարողանում ենք մեր երեխաներին զերծ պահել նմանատիպ շփումներից: Թե՛ ուսանողը, թե՛ աշակերտը, եթե սովորելու լինեն, իրենց համար տարբերություն չկա՝ ոնց կսովորեն: Սա ուղղակի այն ծնողների պահանջն է, ովքեր չեն կարողանում հետևել իրենց երեխաների ուսման ընթացքին, այսքան բան»,- նշել է նա:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք նման քննարկում, որոշում եղել է կամ արդեն կայացվել է: Վերջինը հերքեց՝ ասելով.
«Ոչ, նման որոշում չկա։ Պարետատան հետ քննարկվում են մի քանի սցենարներ, երբ կլինի վերջնական որոշում՝ մենք կտեղեկացնենք»: