Մենք ոչ թե հողակտորի կռիվ ենք տալիս, այլ պատվի․Արցախյան հաղթանակը մեր պատիվն է, որը մենք պետք է ամեն գնով պահենք. «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյան. tert.am

Հակառակորդին աղոթքով, բարի խոսքով և դեմոկրատիայով ոչինչ հասկացնել հնարավոր չէ: Պետք է որոշում կայացվի՝ մեր դիպուկահարներին տեղաբաշխեն սահմանի վրա և շարժվող հակառակորդին ոչնչացնել, որպեսզի մարդիկ էլ հասկանան, որ մենակ այդ ճանապարհով կարող ենք պահել մեր երկրի անվտանգությունը. անդրադառնալով Տավուշի սահմանում լարված իրավիճակին՝ Tert.am-ի հետ զրույցում նշեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ ընդգծելով ՝«Երբեք հնարավոր չէ վայրենուն բան հասկացնել, եթե վայրենին որոշել է նախահարձակ լինել՝ նա դա անելու է և այլ միջոցներով հնարավոր չէ նրան կանգնեցնել»:

Մանվել Եզիազարյանը կարծում է, որ Ադրբեջանը չի գնա լայնածավալ գործողությունների, քանի որ Ադրբեջանի վրիպումը և ամեն մի զոհը բացասական են ազդելու Իլհամ Ալիևի հեղինակության վրա.

«Նա, ամեն դեպքում, կտցահարելու է, հնարավոր է մի քանի օր հանդարտվի, հետո նորից սկսի, բայց լայնածավալ գործողությունների չի գնա , քանի որ վստահ չէ, որ կհաղթի: 2016 թվականի ապրիլին մեր 17-18 տարեկան երեխաները կռվում էին հատուկջոկատայինների դեմ, ոչ թե շարքային զինվորի դեմ, և այդ պատերազմը մենք կանգնեցրինք:

Սա նշանակում է, որ մեր զինվորն ավելի պատրաստակամ է՝ ոգով և գրագիտությամբ ավելի պատրաստվածություն ունի, քան նրանց հատուկ ջոկատայինները: Դրա համար, իմ կարծիքով, Ալիևը չի փորձի այդպիսի ավանտյուրայի գնալ, սակայն շարունակելու է կտցահարել այնքան ժամանակ, մինչև զզվացնեն մեր ժողովրդին: Բայց մենք զզվելու իրավունք չունենք, քանզի մենք ոչ թե հողակտորի կռիվ ենք տալիս, այլ պատվի կռիվ ենք տալիս: Արցախյան հաղթանակը մեր պատիվն է, որը մենք պետք է ամեն գնով պահենք»,-նշեց հրամանատարը:

Անդրադառնալով միջազգային կառույցների արձագանքին՝ Մանվել Եղիազարյանը նշեց, որ, դրանք կարող են զսպել իրավիճակը, սակայն վերջնական լուծում հնարավոր չէ ակնկալել և դա գիտակցելով պետք է մեր սահմաններն ավելի ամրացնել։

«Պետք է հակառակորդին ցույց տալ, որ մեր ամեն զոհված զինվորի համար, մեկին՝ 5, մեկին՝ 7 սպանելու ենք: Եվ պետք չէ մտածել, որ կարող է վերածվել պատերազմի: Եթե հակառակորդը որոշել է պատերազմ սկսել, հնարավոր չէ խուսափել նրանից և պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել:

Կամա թե ակամա հիշեցի 1941 թվականի հունիսի 22-ին, երբ գերմանական բանակը հարձակվեց Խորհրդային միության վրա, գիտեք խորհրդային սահմանապահ զորքերը ամեն օր պրովոկացիա էին տեսնում և ամեն գնով չէին ենթարկվում: Կրեմլից ասում էին պրովոկացիայի չենթարկվեք, չպատասխանեք կրակոցին և լուսաբացին 2 մլն զորք ներխուժեց Խորհրդային միություն:

Դա օրինակ է, որ եթե որոշված է հարձակում, ապա դա անպայման պետք է լինի: Տավուշի դեպքերն իրենք սկսել են, իրենք իրենց պատասխանը ստացել են: Ի՞նչ իմանանք՝ ինչի՞ համար էին իրենց այդ մեքենան այդտեղ թողել, միգուցե այդ մեքենան ականապատված էր, միգուցե թողել էին պրովոկացիա էին ուզում անել, որ մեր զինվորները մոտենային հեռահար պայթեցնեին, մենք չգիտենք դա: Դրա համար պետք է զգուշանալ, բայց վախենալ պետք չէ: Ադրբեջանը այն ժողովուրդը չէ, որից կարելի է վախենալ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս