«Չարքաշ սպաներ էին, խրամատի միջից դուրս չեկող». Գրիգոր Գրիգորյան
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը, ով ծառայություն է իրականացրել նաև Տավուշի մարզի սահմանապահ զորամասերից մեկում, երկուս զինծառայողներին էլ լավ է ճանաչում. իր սպաներն են եղել:
«Իրենց գործի գիտակն էին, շատ պատասխանատու սպաներ և մարդիկ: Երկուսն էլ զինվորների կողմից շատ սիրված և հարգված էին, և երկուսն էլ պատրաստակամ՝ իրենց առջև դրված ցանկացած խնդիր լուծելու: Ցավոք, լավ սպաները զոհվեցին, հակառակորդի արկը նրանց էլ հասավ: Էլբակյան Սոսն ավելի համբերատար, հանգիստ անձնավորություն էր, ընկերասեր, քչախոս, իսկ Գարուշը հակառակը՝ ասող-խոսող, ուրախ, զվարթ: Երկուսն էլ յուրահատուկ անձնավորություն էին, այսպես ասենք՝ չարքաշ սպաներ, խրամատի միջից դուրս չեկող»,- հիշեց պահեստազորի գնդապետը: