Կրեմլը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով
Ռուսաստանը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով` կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և հրադադար հաստատել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված կրակոցներով: Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և հետևել հրադադարի պահպանման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին»,-նշել է Պեսկովը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ՌԴ նապագահի մամուլի խոսնակը պատասխանել է․
«Ռուսաստանը (մենք արդեն հայտարարել ենք ամենատարբեր մակարդակներով) պատրաստ է գործադրել միջնորդական ջանքեր հարցի կարգավորման համար` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Գիտեք, որ հեռախոսային զրույցներ են եղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Երևանի ու Բաքվի գործընկերների հետ։ Եվս մեկ անգամ երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել»։