Մենք այստեղ քաղաքական ենթատեքստ ենք տեսնում․ ՀՀ կառավարության կողմից շուտափույթ լուծում է պետք. Ավտոներկրողները՝ ՌԴ-ում հայկական համարանիշով ավտոմեքենաները կալանելու մասին
Ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Ռուսաստանում սկսել են կալանել հայկական համարանիշերով ավտոմեքենաները:
Մինչև վերջերս ՌԴ տարածքում որևէ հարց չի առաջացել՝ կապված Հայաստանում գրանցված համարանիշերով ավտոմեքենաներ վարելու հետ, սակայն վերջին շրջանում հարցեր են ուղղում և՛ մաքսային մարմինները, և՛ Պետավտոտեսչությունը. գրում է zr.ru-ն՝ հավելելով, որ կարելի է ենթադրել, որ խնդիրն առաջացել է ոչ միայն սահմանին մաքսատուրքերը չվճարելու, այլև ճանապարհային տեսախցիկների կողմից խախտման արձանագրման դեպքում նման ավտոմեքենաների սեփականատերերի անպատժելիության պատճառով: Այժմ ավտոմեքենաները սկսել են կալանել: Կուրգան քաղաքում արդեն կալանվել է 4 ավտոմեքենա: Նման գործողություններ են իրականացվում նաև Ուրալում, Խանտի-Մանսիյսկում, Կուրգանում, Տյումենում, Նիժնեվարտովսկում, Չելյաբինսկում:
Ստավրոպոլի պետավտոտեսչությունը պատմել է ՌԴ տարածքում հայկական համարանիշով ավտոմեքենաներ վարելու կանոնների մասին: 10 օրվա ընթացքում նման ավտոմեքենաների սեփականատերերը պետք է դրանք գրանցեն ՌԴ-ում. հաղորդում է Bloknot-ը:
Եթե ավտոմեքենայի սեփականատերը ՌԴ քաղաքացի է և ավտոմեքենան ներկրում է ՌԴ տարածք, ապա գրանցվելու համար ունի 10 օր: Նա պետք է դիմի պետավտոտեսչության ցանկացած բաժանմունք՝ ներկայացնելով տեխանձնագիր, վարորդական իրավունք և առքուվաճառքի պայմանագիր: Եթե ավտոմեքենայի սեփականատերը չգրանցի ավտոմեքենան, ապա կարող է տուգանվել 500-800 ռուբլով: Կրկնակի խախտման համար տուգանքը կլինի 5000 ռուբլի, ինչպես նաև նախատեսված է ազատազրկում 1-3 ամիս ժամկետով:
Սակայն փաստն այն է, որ ԵԱՏՄ երկրների ավտոմեքենաները կարող են ազատ տեղաշարժվել ՌԴ տարածքում: Իսկ մաքսային օրենսդրության մեջ չկա ԵԱՏՄ տարածքում քաղաքացիների կողմից ԵԱՏՄ երկրում ձեռք բերված տրանսպորտի օգտագործման արգելք:
Այնուամենայնիվ, մաքսային ծառայությունը մեղադրում է ՌԴ քաղաքացի հանդիսացող սեփականատերերին մաքսային օրենսդրության խախտման մեջ:
Այս նորությունն առաջացրել է հայ ավտոներկրողների վրդովմունքը:
«ՀՀ կառավարությունն անպայման այս հարցով պետք է զբաղվի, որովհետև հիմա ՌԴ տարբեր հատվածներից իրարամերժ ինֆորմացիա է գալիս, որ հայկական համարանիշով մեքենաները կանգնեցնում և տուգանում են կամ առգրավում, են, տանում մաքսային մարմիններ՝ ստիպում, որ մաքսազերծեն: Բայց ԵԱՏՄ անդամ երկրներից մեկում եթե մաքսազերծում են, ապա մյուսում էլ անհրաժեշտ չէ: Հիմա, փաստորեն, հենց հայկական համարանիշով մեքենաների նկատմամբ է արշավ սկսվել, որովհետև Ռուսաստանում կան նաև այլ՝ բելառուսական, ղազախական, աբխազական և այլ երկրների համարանիշերով մեքենաներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Զորիկ Իգիթյանը:
Նրա խոսքով՝ բոլոր ավտոներկրողների կարծիքով՝ այս խնդիրը քաղաքական ենթատեքստ ունի:
«Ռուսները երեք տարի է՝ մեքենա են այստեղից գնում, ընդ որում, նախքան Հայաստան գալը դիմել են իրենց մաքսային մարմիններին՝ հարցնելով, թե արդյո՞ք կարող են ՀՀ-ից մեքենա գնել-բերել և շահագործել: Պատասխանը դրական է եղել: Հիմա, երեք տարի հետո որոշել են, որ դա անօրինական է: Ինչքան շուտ մենք կարողանանք այս հարցը լուծել՝ այնքան լավ, քանի որ կարող է սրանից հետո գա բեռնատարների, սննդամթերքի հարցը: Մենք այստեղ քաղաքական ենթատեքստ ենք տեսնում, հետևաբար՝ շուտափույթ լուծում է պետք: Միլիոնավոր դոլարներ են ծախսվել մեքենաները ձեռք բերելու համար, որպեսզի դրանք հետո վաճառեինք: Տնտեսվարողները ժամանակին բանկից վարկ են վերցրել, հիմա, հիմա պետք է վճարեն: Իրենց եղած-չեղածը լրիվ գրավադրված է: Մեքենաները նպատակադրված ենք բերել ՀՀ, դրանք մաքսազերծվել են, ու փողը գնացել է պետբյուջէ, չէ՞, հիմա պետությունը պետք է մեզ նեցուկ կանգնի: Ամեն ինչ այնքան է խճճված, որ մեզ հետ պետք է նստեն և խոսեն: Մեր իրավաբանը նույնիսկ այս հարցի լուծման տարբերակն ունի՝ միջպետական պայմանագրերի և ՀՀ օրենսդրության ներքո»,- նշեց Զորիկ Իգիթյանը:
Ավտոներկրողն ընդգծեց՝ հիմա կարևոր է Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումը, հրատապ կերպով հարցով զբաղվելը, որպեսզի ղազախական սցենարը չկրկնվի: