Բաժիններ՝

Ինչո՞ւ էր ուզում ինքնասպան լինել մանկատան նախկին սանը

Երեկ «Հաղթանակ» կամրջից ինքնասպանության փորձ կատարողը մանկատան նախկին սան Ռազմիկ Պետրոսյանն էր:

Մանկատան նախկին սանը նշել էր, որ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն իրեն խաբել է՝ ասելով, որ բնակարան կտրամադրեն։

Միջադեպի մանրամասներին 168.am-ն այսօր տեղեկացավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանից, նա երեկ դեպքի վայրում էր:

«Երեկ ինձ տեղեկացրին Ռազմիկ Պետրոսյանի ինքնասպանության փորձի մասին, գնացի Հաղթանակի կամուրջ, որտեղ որ արդեն մի քանի ժամ ինքը և կարծես իր հետ մեկ այլ տղա ինքնասպանության փորձ էին արել: Մեկն արդեն դուրս էր եկել, իսկ Ռազմիկը դեռ էնտեղ էր, խոսում էր այն մասին, թե Նաիրի Սարգսյանն իրեն խաբել է, ինչն իրականության հետ որևէ կապ չունի: Տեսե՛ք, խնդիրն ինչում է՝ ինքը մանկատան սան է, և պետությունը մանկատան բոլոր սաներին բնակարանի հատկացումներ է անում:

Իրեն, ինչպես որ խոստացել էին՝ բնակարանով ապահովել, Կառավարության նիստով որոշվել էր Թբիլիսյան խճուղում հատկացնել հանրակացարան՝ տասը տարի ժամկետով, ինքը հրաժարվել է այդ տարբերակից և պահանջել՝ իրեն տալ ԲԳՎ (Բնակարանային ապահովում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով): Նաիրի Սարգսյանը և վարչապետի մյուս օգնականը՝ Սուրենը, ամեն ինչ անում են, որպեսզի այդ ԲԳՎ-ի ծրագիրն արագ լուծվի: Այս պահին Արդարադատության նախարարությունում է, հետո պետք է շրջանառվի և գա կառավարություն, ինչից հետո որոշումը կկայացվի և թվով 23 (եթե ճիշտ եմ հիշում) մանկատան նախկին սաների կտրվի ԲԳՎ-ներ, ովքեր և կունենան իրենց բնակարանները»,- հայտնեց Սոֆյա Հովսեփյանը:

Պատգամավորը տեղեկացրեց նաև, որ վարչապետի օգնականը Ռազմիկ Պետրոսյանին աջակցել է թե՛ նյութապես, թե՛ ապահովել ժամանակավոր կացարանով. «Պարբեական աջակցությունը կա, ԱԻՆ-ի մասնագետներն աշխատում են իր հետ, ամեն ինչ անում են, որպեսզի նման խնդիրներ չլինեն, բայց խնդիրները պարբերաբար լինում են»:

Մեր հարցին, թե այս պահին որևէ տեղեկություն ունի՞ Ռազմիկ Պետրոսյանի հոգեբանական վիճակի մասին, հնարավո՞ր է կրկին նման քայլի գնա, քանի որ ըստ տեղեկությունների, երեկվա միջադեպը կարծեք առաջինը չի եղել, պատգամավորը պատասխանեց, որ թե՛ երեկ ոստիկանությունից հետո, թե՛ այսօր Ռազմիկը զանգահարել է իրեն. «Ռազմիկը վստահեցրեց, որ արդեն գտել է տուն, որը գտնվում է Աբովյանում (քաղաքում, թե մոտակա գյուղում), որտեղ ինքը նախընտրում է բնակարան ձեռք բերել, անասնապահությամբ զբաղվել, ընտանիք կազմել և երեխաներ ունենալ: Սա շատ կարևոր է, որ ինքն ունի այդ նպատակը, այդ որոշումը:

Հույս ունեմ, որ առավելագույնը երկու շաբաթից կառավարության այդ որոշումը կլինի, ու այս հարցը կփակվի, և որ այլևս նմանատիպ քայլերի չի գնա, և սա չի դարձնի իր համար սովորական վարքագիծ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս