«Թվերը պակասո՞ւմ են, ինչի՞ չեն պակասում». քաղաքացիները՝ արտակարգ դրության հնարավոր երկարաձգման մասին

Օրեր առաջ վարչապետը հայտարարեց, որ, եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա առնվազն մեկ անգամ արտակարգ դրությունը կերկարաձգվի: 168.am-ը զրուցել է երևանցիների հետ՝ պարզելու  մեր համաքաղաքացիների կարծիքը՝ կարիք կա՞ երկարաձգել արտակարգ դրությունը, հարմարվե՞լ են դիմակին, հասցրե՞լ են այս ընթացքում տուգանվել:

«Եթե վարչապետը գտնում է, որ պետք է, ուրեմն կարիքը կա, քանի հիվանդությունը չի վերացել, կարիք կլինի, իհարկե: Պայմանները սահմանվել են, որ ոչ միայն դիմակ կրեն, կամ այլ գործողություններ կատարեն, դիմակ կրելով՝ պետք է հիվանդությունը կանխարգելենք: Դիմակ կրելուն չենք հարմարվել, բայց պարտադիր է, պետք է կրվի, իմ ապահովության համար չէ, դիմացինի ապահովության համար է, դիմացինն էլ ինձ համար է կրում: Ես պարետի որոշումներին կարգապահ հետևել եմ, չեմ տուգանվել»,- ասաց մի տղամարդ:

«Մինչև նոր տարի ձգելու են: Էդ հիվանդության մասին մենք շատ լավ տեղյակ ենք, դրա համար չենք ընդունում էս ամենը: Մենք ուշադրություն ենք դարձրել բժիշկներին, և իրենց ասել են, որ դա վնաս է, ինսուլտ է առաջացնում, ինֆարկտ, մեկ էլ թոքերին է վնաս: Ոչ մի անգամ չենք տուգանվել, տնից դուրս չենք գալիս»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Պիտի երկարաձգեն ոչ թե մի ամիս, այլ երկու ամիս, մինչև ժողովուրդը հասկանա, որ պետք է դիմակ կրեն: Բակերը մտեք, տեսեք՝ ո՞վ է դիմակ կրում»,- ասաց մի տղամարդ:

«Եթե կարիքը կա, ուրեմն ճիշտ են անում, կարծում եմ՝ շատ չեն երկարաձգի: Եթե մարդիկ անկարգապահ են, դիմակ չեն կրում, ճիշտ են անում»,- ասաց մեկ այլ քաղաքացի:

«Եթե հարցն ընդամենը դիմակն էր, ապա այս ժողովուրդը երբևէ այսքան կարգապահ չի եղել, որքան հիմա է: Կառավարության հսկայական ծրագրերի, խելոք քայլերի կարիք կար, որ էս անլուրջ Կառավարությունն այդպես էլ չի հասկանում՝ ինչպես անել: Հանգեցրել են ավելի փոքր բանի, դիմակ կրել-չկրելուն: Թվերը պակասո՞ւմ են, ինչի՞ չեն պակասում: Համաշխարհային մակարդակով չեն հասկանում, ընդեղ էլ չեն հասկանում, ամբողջ աշխարհը չի հասկանում այս վիրուսի հետ վարվելու ճիշտ եղանակը, իսկ էստեղ էս բավական անլուրջ մարդիկ անգրագետ բաներ են անում: Կորոնավիրուսն ինձ համար մի քանի գիտական շերտեր ունի: Համաշխարհային բժշկությունը դեռևս չի կարողանում դրա ամբողջ իմաստը, նյութերը հասկանալ, մենք էս թեման բերում, լոկալացնում ենք մեր դաշտում, ու շատ փոքր իմացությամբ փորձում ենք լուծումներ գտնել մի բանի, որը շատ մոտավոր է: Խնդիրն այստեղ հնարավորության սահմաններում համահասարակական կարգապահությունն է: Կառավարությունը պետք է շատ խելացի քայլերով առաջ գնա: Տեսնում եք, մարդիկ լավ են վերաբերվում դիմակ կրելուն, բայց մենք գործ ունենք անհայտ բանի հետ: Առողջապահական խնդրից բացի, սա դուրս է գալիս և դառնում է տնտեսական, սոցիալական, քաղաքական խնդիր, ամբողջ երկրով մեկ պոպուլիզմ է: Բոլորը սպեկուլյացիա են անում, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, և այդ ամբողջի հրահրողներից մեկն էլ վարչապետն է: Կաբինետից դուրս է եկել՝ չհասկանալով՝ ինչ պետք է անի, և ախմախ բաներ է անում, ժողովրդին դիմակ է բաժանում, որոնք ոչ մի ձևով խելացի քայլեր չեմ կարող համարել»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Ես օրենքին ենթարկվող մարդ եմ: Այն, ինչ որ հրամայվում է, ես մտածում եմ, որ ճիշտ են անում: Ես հավատ ունեմ վարչապետի նկատմամբ, որովհետև ինքը բավականին գրագետ մարդ է, մենք փրկվել ենք անգրագիտությունից, ժողովրդական խոսք կա, ասում է՝ «լավ է գիտունին գերի, քան անգետին սիրելի»: Դիմակ կրելը սկզբնական շրջանում դժվար էր, բայց հիմա ես նույնիսկ կրկնակի եմ կրում»»,- ասաց մի տղամարդ:

«Իմ համար մեկ ա, ուզում են՝ ձգեն, ուզում են՝ վաղը պրծցնեն, ինչ ուզում ա՝ ըլի, ինձ ոչ մի բան հետաքրքիր չի: Դիմակ կրելը հարմար չի, բայց ճարներս ինչ, պետք ա, ուրեմն պետք ա, ես պատասխանատու մարդ եմ»,- ասաց մեկ այլ քաղաքացի:

Տեսանյութեր

Լրահոս