Բաժիններ՝

Աշխարհայացքով, ըմբռնումներով միշտ հարուստ, նոր էր Երվանդ Քոչարը. Լևոն Թութունջյան

Երվանդ Քոչարի թանգարանը համավարակի օրերին բազմազան ծրագրեր է իրականացնում վիրտուալ տիրույթում, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ ոչ միայն Քոչարի թողած հարուստ մշակութային ժառանգությանը, այլև ճանաչել օտարազգի մեծերի ստեղծագործությունները: Թանգարանը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղել է հայ նշանավոր սյուրռեալիստ նկարիչ Լևոն Թութունջյանի հուշերից հատված Երվանդ Քոչարի մասին:

Լևոն Թութունջյանը գրել է. «Երվանդ Քոչարը Փարիզ էր այդ թվականներուն. շատ բան կպարտիմ իր բարոյական քաջալերանքին: Արվեստի մեջ նոր հորիզոններու, խիզախ որոնումներու տարիներ էին, և իր աշխարհայացքով, ըմբռնումներով միշտ հարուստ, միշտ նոր էր Քոչարը։
Ես աշխատում էի որպես խեցեգործ բանվոր: Հանդիպումը Երվանդ Քոչարի հետ կանխորոշեց իմ կարիերան: Նրա արվեստանոցն այցելելն ինձ համար իսկական հայտնություն էր: Ես կապվեցի Քոչարի հետ. հինգ տարվա ընթացքում, հետևելով նրա խորհուրդներին, մասնակցեցի ցուցահանդեսների, կոնֆերանսների, բանավեճերի և զարգացա ու կատարելագործվեցի տարբեր ուղղությունների նկարիչների միջավայրում»:

Մի առիթով մեզ հետ զրույցում Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը նշել էր, որ առցանց ներկայացնում են արվեստաբանական միտքը Քոչարի մասին, հուշեր Քոչարի մասին, Քոչարի հուշերն իր ժամանակակիցների կամ նրա համար արժևորված մարդկանց մասին հրապարակումները:

Նա ընդգծել էր, որ ակցենտավորում են Քոչարի արվեստի հանրահռչակումը, բայց երբեմն ներկայացնում են որոշ հրապարակումներ, որոնք առհասարակ ուղղված են թանգարանի հետևորդների ընդհանուր գեղագիտական մակարդակի բարձրացմանը: Այդ նպատակով նախաձեռնել են «Արվեստը համաճարակների օրերին» ծրագիրը, որի շրջանակում ներկայացրել են, թե մարդկության պատմության ընթացքում ինչպիսի ստեղծագործություններ են ծնվել համաճարակների ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս