Հարավային Կովկասի բոլոր երկրները վնասներ են կրելու, սակայն Հայաստանն  ամենաշատ վնասները կկրի․ Նադյա Դուգլաս

«Առողջապահական և տնտեսական մարտահրավերների թեստը Հարավային Կովկասի երկրները տարբեր կերպ անցան»,- CaucasusWatch-ին տված հարցազրույցում այս մասին է ասել  Բեռլինի Արևելյան Եվրոպայի և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող, դոկտոր Նադյա Դուգլասը՝ անդրադառնալով կորոնավիրուսային համավարակի հարուցած խնդիրներին Հարավային Կովկասի  երեք երկրներում։

Նա արձանագրել է, որ մինչ ԱՀԿ-ն և այլ արևմտյան կազմակերպություններ գովեցին Վրաստանին կորոնավիրուսային  համավարակի ուղղությամբ ձեռնարկված հակաճգնաժամային  միջոցառումների համար, Հայաստանում և Ադրբեջանում ամենավատ սցենարները   կասեցվեցին լոքդաունի և ոստիկանության ու այլ իրավապահ մարմինների մեծ  ջանքերի շնորհիվ։  Դոկտոր Դուգլասը նաև նկատել է, որ երեք երկրների շարքում Հայաստանում բնակչության թվով ամենամեծ թիվն են կազմում վարակվածները և մահերը։

«Հայաստանի առողջապահական համակարգը այժմ հստակորեն սահմանագծի վրա է, և նրա վատ վիճակը ու բարեփոխումների հետին պլան մղվելը ակնհայտ դարձան ճգնաժամի ընթացքում: Այն փաստը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ  վարակվեց  և վերջին շաբաթների ընթացքում մասսայական քննադատության  ենթարկվեց ընդդիմության կողմից համաճարակի դեմ պայքարի ձախողման մեջ, ապացուցեց, որ վատ է  ճգնաժամի կառավարման իմիջի համար: Բարդ հավասարակշռություն է առաջացել կառավարության աշխատանքի քննադատության և մյուս կողմից՝ կոռուպցիայի դեմ պայքարի, մեկ այլ   կողմից՝ քաղաքական նպատակների համար ճգնաժամի թեման շահարկելու ու ընտրովի արդարադատություն իրականացնելու միջև: Ինչ վերաբերում է երկարաժամկետ տնտեսական հետևանքներին, չափազանց վաղ է կոնկրետ հայտարարություններ անելը։ Բոլոր երեք երկրներն էլ վնասներ են կրելու, սակայն ավելի հավանական է, որ Հայաստանը երկարաժամկետ հետևանքների տեսանկյունից ամենաշատ վնասները կկրի։ Այն չունի Ադրբեջանի ռեսուրսներն ու ֆինանսական «բարձիկը», և այն դեռ զարգացած չէ բարեփոխումների գործընթացում, որքան Վրաստանը: Հետևաբար, այն չի կարողանա իրականացնել բազմաթիվ ծրագրեր՝ տնտեսությունը խթանելու  և ներդրումներ ապահովելու  համար, որոնք տարվա սկզբին լավատեսորեն են սկսվել: Կզգացվի նաև արտասահմանից տրանսֆերտների անկում, որոնք կազմում են ՀՆԱ-ի 10-11%-ը Վրաստանում և Հայաստանում»,- նշել է դոկտոր Նադյա Դուգլասը։

Նա նաև ասել է, որ Վրաստանում և Հայաստանում սոցիալապես անապահով  խավերին և ընկերություններին (հատկապես՝ ՓՄՁ-ներին) հատկացված պետական ​​աջակցությունն արժանի է դրական հիշատակման: Նրա խոսքով, այս երկու երկրներում քաղաքացիական հասարակությունն ու կառավարությունը սերտորեն համագործակցել են ճգնաժամի ժամանակ և մինչ օրս էլ անում են: «Ակնկալվում է, որ  կհաջողվի այդ բաց վերաբերմունքը պահպանել նաև ճգնաժամից դուրս»,- նկատել է Դուգլասը։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս