«Մեր օրակարգում և ծրագրերում որևէ բան չի փոխվել․ սա հունիսի 5-ի հայտարարության բացվածքն է». Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարության մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարություն էր տարածել՝ կապված երկրում տիրող իրավիճակի հետ։

Հայտարարության մեջ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ պատրաստվում էր մեծ ասուլիս կազմակերպել և անդրադառնալ բոլոր հարցերին, սակայն կորոնավիրուսով վարակվելուց հետո ունի առողջական խնդիրներ, որի պատճառով չի կարող շփվել մեծ լսարանի հետ։

Նա անդրադարձել է հունիսի 5–ին արված իր հայտարարությանը և պատասխանել հարցին, թե գիտակցո՞ւմ էր, որ այդ ելույթից հետո իր հանդեպ կսկվի արշավ։

«Իմ ողջ ելույթը երկրում ստեղծված իրավիճակը փայլուն պատկերացնող և դրանով խիստ մտահոգ մարդու ելույթ էր։ Ինձ մոտ կա հիմնավոր կասկած, որ իշխանությունը չի պատկերացնում պրոբլեմների իրական ծավալը։ Չի պատկերացնում, որ առաջիկայում մենք ունենալու ենք 200-300 հազար նոր գործազուրկ, որ փակվում են տասնյակ հազարավոր բիզնեսներ, որ սնանկանում են բիզնեսի ամբողջական ուղղություններ, որ եթե այսօր չփրկենք, ապա վաղը դրանց վերականգնումը անհնար է լինելու։

Իմ կարծիքով՝ իշխանությունը լավ չի պատկերացնում, որ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մի քանի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ այս տարի կարող են չունենալ այդ հնարավորությունը և, հետևաբար, չունենալ իրենց ընտանիքները պահելու միջոցներ։ Խնդիրներ են առաջանալու և, արդեն իսկ առաջացել են խոշոր բիզնեսում՝ տասնյակ հազարավոր մարդկանց աշխատավարձի խնդիր է ծագելու։

Շատ ռեալ է բյուջեի մուտքերի թերակատարումը, որը ինչ-որ պահի կարող է անդրադառնալ բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձերի և թոշակներ վրա, պետության այլ պարտավորությունների վրա։

Իմ ելույթը ամբողջապես այս խնդիրների բարձրաձայնումն էր, ահազանգը, որ հիմա պետք է լուրջ աշխատել, որ ժամանակ չի կարելի կորցնել, որ վաղը ուշ կլինի։ Արդյո՞ք ես գիտակցում էի, որ իմ ելույթից հետո իշխանության ռեակցիան կլինի քրեական գործեր հարուցելը, ինձ և իմ թիմակիցներին կալանավորելու փորձերը։ Ես դա համարում էի իշխանության հնարավոր ռեակցիաներից մեկը, բայց կարծում էի նաև, որ հնարավոր է՝ իմ ահազանգը տեղ հասնի ու իշխանությունը տա այլ՝ լուծումներ գտնելու, խորհրդակցելու, քննարկելու ռեակցիա»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։

168.am«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանից հետաքրքրվեց՝ արդյոք ԲՀԿ-ի օրակարգում շարունակո՞ւմ է մնալ կառավարությունը 100 տոկոսով փոխելու պահանջը։

«Մեր օրակարգում և ծրագրերում որևէ բան չի փոխվել, այստեղ պետք է դիտարկել, որ դա, ըստ էության, հունիսի 5-ի հայտարարության բացվածքն է։ Մեր դիրքորոշման մեջ որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել»,- նշեց Արման Աբովյանը։

Դիտարկմանը՝ կարծիքներ են շրջանառվում, որ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ն ու իշխանությունն ընդհանուր հայտարարի են եկել, Արման Աբովյանը նկատեց՝ ԲՀԿ-ն որևէ տեսակետ չի փոխել, քանի որ այդ տեսակետից չի կախված երկրում այս պահին տիրող ծանր իրավիճակը։
«Եթե մեր տեսակետից որևէ բան կախված լիներ, հիմա ամեն ինչ շատ լավ կլիներ։ Իրականում երկրում իրավիճակն ահավոր է  և Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունն ընդամենը բացվածքն էր այն ամենի, ինչը ասել ենք։ Մենք հասկանում ենք, որ այստեղ խնդիրը աթոռի կամ կաբինետի մեջ չէ, աթոռակռվի խնդիր չէ, առաջին հերթին երկիրն այս վիճակից հանելն է։ Այս հայտարարության մեջ շատ հստակ ամեն ինչ սևը սպիտակի վրա գրվել է, թե հիմա ով ինչ ենթատեքստ է տեսել՝ դա իրենց անձնական խնդիրն է»,- եզրափակեց Արման Աբովյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին ԲՀԿ առաջնորդը կուսակցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ առավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի. «Գիտեք, որ կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, և ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան։ Իհարկե, մենք նույնպես աջակից ենք եղել այդ փոփոխություններին, որ կարողանանք դա իրականություն դարձնել, և իհարկե հնարավորություն կար ժողովրդի սպասելիքն իրականություն դարձնել։ Բայց երբ ստեղծվեց իրենց կառուցվածքը, ծրագիրը, կազմը, ես այսօր ինչ ասում եմ, բոլորը հիմնավորված է փաստացի, ես ասացի, որ այդ կազմով հնարավոր չէ այս խոստումներն ու սպասելիքներն իրականացնել։ Տեսնելով այս ձախողումները, լիարժեք կարող եմ ասել՝ ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետև բոլոր ոլորտները ձախողված են»,- ասել էր նա։

Տեսանյութեր

Լրահոս