«Հաշվի չեն առնում, թե մեքենան ի՞նչ տեսակի վառելիքով է աշխատում․ Բնապահպանական հարկը ոչ համաչափ և անտրամաբանական ենք մուծում»․ «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր
Շրջակա միջավայրի նախարարությունը 2020 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 19-ը հանրային քննարկման էր ներկայացրել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է սահմանել տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված, առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով տրանսպորտային միջոցների շահագործման դեպքում:
Գերատեսչությունը տուգանքի չափը սահմանել է՝ հաշվի առնելով ապամոնտաժված կատալիտիկ չեզոքացուցիչների շուկայական միջին գինը` մոտ 300.000 դրամը:
Նախագիծն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից։
«Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը ցավում է, որ նախագիծը ժամանակին լայն արձագանք չի ստացել՝ չնայած իրենք քայլեր ձեռնարկել են այդ ուղղությամբ:
«Ինչ վերաբերում է նրան, որ կատալիզատորի առկայությունը միշտ չէ, որ նվազեցնում է արտանետումների քանակը, ապա դա այն դեպքում կլինի, երբ կատալիզատորը լիքն է ու ընդհանրապես պիտանի չէ: Այս պարագայում ոչ մի մոնիտորինգ չի արվում, ընդհանրապես ոչ մի գործիքակազմ չկա անպիտանելիության հետ կապված: Օրենքն ընդունում է, որ կատալիզատորը հանած մեքենա վարելիս տուգանք է սահմանվում, իսկ կատալիզատորը երբ պիտանի չէ, տուգանք չի սահմանվում, և հստակեցված չէ, թե ինչպե՞ս են ստուգելու կատալիզատորի առկայությունը. մեքենայի խլացուցիչի ձայնի ուժգնությա՞մբ, թե՞ տանելու են հատուկ հետազոտեն, բայց այստեղ հաջորդ հարցն է առաջանում․ մեքենան ընդհանրապես նավթային վառելի՞ք է օգտագործում, թե՞ գազ: Բոլորը գիտեն, որ գազից արտանետումները բենզինի համեմատ շատ չնչին են: Այս դեպքում կրկին հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է նման մեքենան տուգանվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Պեդանյանը:
Ինչ վերաբերում է բնապահպանական միջոցառումներին՝ նկատեց. «Մենք այսօր գույքահարկի հետ մեկտեղ՝ մուծում ենք նաև բնապահպանական հարկ, որը սխալ է հաշվարկվում: Այսօր բնապահպանական հարկը հաշվարկում են՝ կախված մեքենայի ձիաուժից՝ հաշվի չառնելով իրական արտանետումների քանակը: Սա սխալ մոտեցում է: Ձիաուժը բացարձակ կապ չունի արտանետումների քանակի հետ: Հաշվի չեն առնում, թե մեքենան ի՞նչ տեսակի վառելիքով է աշխատում, և այլն: Բնապահպանական հարկը ոչ համաչափ և անտրամաբանական ենք մուծում, բացի դա՝ տեղեկություն չունենք, թե բնապահպանական ինչ միջոցառումներ են ձեռնարկվում վճարված գումարներով, որ մեր միջավայրից այդ արտանետումները մաքրեն: Իսկ տուգանքի գինը շատ բարձր չէ՝ հաշվի առնելով կատալիզատորների միջին շուկայական արժեքը, որը 300.000 դրամ է, ու մարդկանց ձեռնտու է այն տեղադրելը»: